Մարտի 24-ին «Երկրապահ» կամավորների միության նախագահ, ՀՀԿ ցուցակի 15-րդ տեղը զբաղեցնող Մանվել Գրիգորյանն Արմավիրի Երասխահուն գյուղում մասնակցել է 1992թ. Մարտակերտում անհետ կորած ազատամարտիկ Մարտիկ Գևորգյանի 60-ամյակի միջոցառմանը, որին ներկա է գտնվել նաև ընտրատարածքից պատգամավոր առաջադրված էդուարդ Անտոնյանը, ում աջակցում է գեներալը, գրում է «Հրապարակ» օրաթերթը։
«Սա արտառոց չէր լինի, եթե չլիներ մի հանգամանք։ Մարտիկ Գևորգյանի ազգականները մեզ տեղեկացրին, որ ազատամարտիկի 60-ամյակը եղել է անցյալ տարի՝ նա ծնվել է 1951թ. մարտի 24-ին, և, քաղաքական կամ նախընտրական նկատառումներից ելնելով, նրա ծննդյան տարեթիվը տեղափոխելը, մեղմ ասած, անարգանք է նրա հիշատակի նկատմամբ։ Անցյալ տարի, երբ Մարտիկ Գևորգյանի 60-ամյակն էր, դրա մասին հիշել են միայն մտերիմները, իսկ պատգամավորության թեկնածուները երևի չեն էլ իմացել, որ նման ազատամարտիկ կա», – նշում է թերթը։