«Հ1»-ի «Հարցազրույց» հաղորդաշարը խնդիր չի տեսնում թիվ 7 ընտրատարածքի պատգամավորի թեկնածուներ Նիկոլ Փաշինյանի և Սամվել Ալեքսանյանի բանավեճը կազմակերպելու հարցում, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
«Ես կփորձեմ, մեր մտքով էլ է անցել նման բան», – ասել է հաղորդաշարի վարող Նվեր Մնացականյանը, երբ «ՀԺ»-ի թղթակիցը հետաքրքրվել է նրանից, թե արդյոք մտադի՞ր են նման բանավեճ կազմակերպել։
Մնացականյանը նաև հավելել է, որ դա ապրիլի մեջ, այսինքն՝ քարոզարշավի մեկնարկից հետո կարող են անել։
Հաղորդման հեղինակը նշել է, որ եթե կողմերը համաձայն են, ապա հաղորդման կազմակերպման մեծ խնդիր չի լինի:
«Նախընտրական ժամանակահատվածն ինչի՞ համար է՝ քաղաքական բանավեճերի և հանդիպումների», – ասել է հաղորդավարը։
«Իսկ հնարավո՞ր է՝ հեռուստաընկերության ղեկավարությունը թույլ չտա» հարցին` Մնացականյանը պատասխանել է.
«Հեոուստաընկերության ղեկավարությունը երբևէ էդպիսի արգելքներ չի դրել։ Չկա այդպիսի բան։ Ուղղակի բանավեճերը Հայաստանում շատ դժվար են անցկացվում և կազմակերպվում, ինքներդ գիտեք»։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը առաջարկել էր Սամվել Ալեքսանյանին հեռուստատեսությամբ բանավեճ կազմակերպել: Ալեքսանյանը խոստացել էր պատասխանել Փաշինյանին հաջորդ շաբաթ` Դուբայից վերադառնալուց հետո: