ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, թեև, իր խոսքով, հնարավորինս աջակցում է Մաշտոցի պուրակում տաղավարների տեղադրման գործընթացում բնապահպան ակտիվիստների գործունեությանը, բայց միևնույն ժամանակ կոչ է անում նրանց զերծ մնալ սեփական նախաձեռնությամբ մասնավոր իրավաբանական անձի պատկանող տաղավարների ապամոնտաժման գործողություններից: Ըստ օմբուդսմենի տարածած հայտարարության` ակտիվիստների գործողությունները կարող են գնահատվել որպես ՀՀ օրենսդրության պահանջներին ուղղակիորեն հակասող ` հանգեցնելով համապատասխան իրավական հետևանքների:
Հայտարարությամբ Կարեն Անդրեասյանն արձագանքել է բնապահպանների կողմից ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին ուղղված նամակին, որում ակտիվիստները տեղեկացնում են, որ մարտի 31-ին, ժամը 13:00-ին սկսելու են տաղավարների ապամոնտաժումը` ի կատարում նրանց կողմից ստեղծված «Քաղաքացիական արդար և անկախ դատարանի» վճռի:
«Հորդորում ենք մեր համաքաղաքացիներին շարունակել իրենց համոզմունքների և հայացքների համար պայքարը` բացառապես իրավական գործընթացների շրջանակներում և օրենքով չարգելված բոլոր միջոցներով: Մինչև տվյալ խնդրի վերաբերյալ առաջիկա շաբաթներին հանրությանը իմ վերջնական իրավական գնահատականը ներկայացնելը, որպես ընդհանուր սկզբունք բոլոր իրավիճակների համար, անհրաժեշտ եմ համարում նշել, որ նույնիսկ ապօրինի գործողություններին չի կարելի հակազդել ապօրինությամբ:
Մաշտոցի պուրակում տաղավարների տեղադրման իրավաչափության հարցը դեռևս գտնվում է մեր ուսումնասիրման և քննարկման փուլում,պատրաստակամ ենք շարունակել համագործակցությունը քաղաքացիական նախաձեռնության կազմակերպությունների և անձանց հետ` խնդրի կարգավորման համար իրավական լուծումներ գտնելու նպատակով», – նշում է օմբուդսմենը: