9-րդ ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանի միակ հակառակորդը Սերժ Սարգսյանի ռեժիմն է, որը տվյալ ընտրատարածքում ներկայացված է ՀՀԿ-ական Ռուբեն Սադոյանի տեսքով: Epress.am-ի հետ զրույցում Լևոն Զուրաբյանն ասել է, որ ընտրություններին ընդառաջ ինքը լավ թիմ է ստեղծել, որը գլխավորելու է իր նախընտրական շտաբի պետ Սամվել Աբրահամյանը, իսկ քարոզչության հարցերի ղեկավարն է լինելու Իզաբելլա Սարգսյանը: ՀԱԿ համակարգողի խոսքով` իր թիմում ընդգրկված են իր համար շատ սիրելի և հարգելի մարդիկ, ովքեր հիմա մշակում են ընտրարշավի ռազմավարությունը:
Հիշեցնենք, որ նույն ընտրատարածքում, բացի Զուրաբյանից և Սադոյանից, առաջադրվել են Ռուբեն Հակոբյանը` «Ժառանգությունից» և Նապոլեոն Ազիզյանը` ԲՀԿ-ից:
Այն հարցին, թե արդյոք նույն ընտրարատարածքում երկու ընդդիմադիր թեկնածուների` իր և Ռուբեն Հակոբյանի առկայությունը չի նպաստի, որ իշխանության թեկնածուներն առավելություն ունենան, Լևոն Զուրաբյանը պատասխանել է.
«Ես այդտեղ որևէ խնդիր չեմ տեսնում: Ես հարգում եմ Ռուբեն Հակոբյանի ընտրական իրավունքը, իր հետ ունեմ բավական նորմալ և կառուցողական հարաբերություններ: Մի քանի անգամ հանդիպել ենք և մեր ջանքերի շնորհիվ է, որ կարողացանք ստեղծել հակահանրապետական ճակատ: Ես պատրաստ եմ այդ նույն ոգով շարունակել մեր աշխատանքը: Հիշեցնեմ նաև, որ Հայ Ազգային Կոնգրեսի թեկնածուները իրենց վրա միակողմանի պարտավորություն են վերցրել, հակաքարոզչություն անել միայն իշխանական թեկնածուների դեմ: Ես դա հստակ պահելու եմ: Մենք նաև պայմանավորվել ենք միասին վերահսկել ընտրությունների օրինականությունը: Այնպես որ ես նրա առաջադրումը 9-րդ ընտրատարածքում դիտարկում եմ ոչ թե խանգարող հանգամանք, այլ՝ օգնող», – ասել է Լևոն Զուրաբյանը: