Home / Տեսանյութեր / «Մարդկային դեմքը» կորցրած աղջիկն ինքնասպան է եղել օրենքի լռության պատճառով

«Մարդկային դեմքը» կորցրած աղջիկն ինքնասպան է եղել օրենքի լռության պատճառով

Պակիստանցի նախկին պարուհի, 33-ամյա Ֆախրա Յունուսը մարտի 17-ին ինքնասպան է եղել 12 տարի իր կյանքի և արդարության համար պայքարելուց հետո` նետվելով 6-րդ հարկի պատուհանից, հայտնում է DailyMail-ը:

12 տարի առաջ ամուսինը ծծմբական թթվի միջոցով այրել էր նրա դեմքը` աղջկան զրկելով «մարդկային» արտաքինից:

2000 թվականի մայիսին Յունուսի նախկին ամուսինը մտել էր նրա մոր տուն և թթուն լցրել Յունուսի դեմքին երբ վերջինս քնած էր:

Հարձակումը, որը տեղի էր ունեցել Յունուսի` այն ժամանակ 5-ամյա որդու աչքի առջև, նրան զրկել էր շնչելու հնարավորությունից:

          

39 վիրահատությունները թեև հնարավորություն էին տվել վերականգնել որոշ ֆունկցիաներ, այդուհանդերձ նա այդպես էլ չէր կարողացել վերականգնել դեմքը:

Այնուհետև Յունուսը տեղափոխվել էր Իտալիա և շարունակել բուժումը:

Մարտի 17-ին իրականացրած ինքնասպանությունից առաջ աղջիկը թողել էր գրություն, որում նշում է, որ նման քայլի է գնում օրենքի լռության և Պակիստանի իշխանությունների անզգամության պատճառով:

Յունուսի նախկին ամուսինը, Պակիստանի հարուստ պաշտոնյաներից մեկի որդին է: 2003 թվականին նա արդարացվել է և ազատ արձակվել:

Նշենք, որ ըստ կանանց իրավունքների պաշտպանության The Aurat Foundation կազմակերպության տվյալների, 2011 թվականին Պակիստանում ավելի քան 8500 թթվային հարձակում, բռնի ամուսնություններ և այլ տեսակի բռնություններ են կիրառվել կանանց հանդեպ:

Պակիստանի կառավարությունը նախորդ տարի օրենք է ընդունել, որը դատապարտում է թթվային հարձակումները և մեղավորների համար 14 տարվա ազատազրկում է նախատեսում: