«Վալլեքս» խմբի ընկերություններին պատկանող Ալավերդու պղնձաձուլարանը տարիներ շարունակ գործում է առանց ֆիլտրերի` մթնոլորտ արտանետելով ծծմբային անհիդրիդ, ծանր մետաղներ և օրգանիզմի համար տոքսիկ միացություններ: Մինչև 2011 թվականը տարեկան մթնոլորտ էր արտանետվում 25 հազար տոննա ծծմբային անհիդրիդ:
«Վալլեքս» խմբի ընկերությունները Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկի միջոցներով տարիներ առաջ ձեռք բերեց ֆիլտրեր ծծմբային անհիդրիդի կորզման համար, սակայն այդպես էլ չտեղադրեց` պատճառաբանելով արտադրության ցածր ծավալը, ծծմբաթթվի շուկայի բացակայությունը: Ինչ վերաբերում է ծանր մետաղներին և փոշուն, ապա այս հարցը շարունակաբար քննարկվում է, գրում է «ԷկոԼուր»-ը:
«Եթե մենք կարողանանք տեղադրել էլեկտրոֆիլտրեր ծխնելույզի մեջ, ապա 98%-ով կկրճատենք ծանր մետաղների արտանետումը դեպի մթնոլորտ և մոտավորապես 80-83%-ով կորսվի նաև անօրգանական փոշին, որը ծխի հետ դուրս է գալիս դեպի քաղաքի օդային ավազան», – «ԷկոԼուր»-ի հետ զրույցում ասել է Լոռու մարզպետարանի բնապահպանական վարչության պետ Արտակ Դեմիրճյանը:
Ըստ նրա` առաջարկը քննարկման փուլում է, քանի որ դեռեւս հստակ չէ, թե էլեկտրոֆիլտրերի տեղադրման դեպքում որսված զանգվածը որտեղ պետք է պահեստավորվի, կամ արդյոք հնարավոր կլինի որսված զանգվածից վերականգնել մետաղները:
Ընկերությունը խնդրի լուծումը գտավ ծխնելույզի տեղափոխման մեջ, ինչը Արտակ Դեմիրճյանի խոսքով, մոտ 10 անգամ կրճատել է վնասակար արտանետումների ցրման գործակիցը, ինչպես նաև նվազել է արտանետումների ազդեցությունը Ալավերդի քաղաքում: Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանի կարծիքով` ծխնելույզի բարձրության արդյունքում թեպետ կնվազի վնասակար արտանետումների քանակը Ալավերդի քաղաքում, սակայն կվնասվեն հարակից բնակավայրերն ու անտառները:
Ալավերդիում եւ հարակից համայնքներում տարեց տարի ավելանում են ուռուցքային, սրտանոթային և շնչառական ուղիների հետ կապված հիվանդությունները: