ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար Թաթուլ Հակոբյանը, ով առաջադրվել է թիվ 37 ընտրատարածքում, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ընտրվելու իրավունք չունի, քանի որ վերջին 5 տարիներին մշտապես չի բնակվել Հայաստանում:
ԱՆ փոխնախարարի պաշտոնից հրաժարական տալուց հետո Հակոբյանն առ այսօր աշխատում է առողջապահության համաշխարհային կազմակերպությունում որպես փորձագետ և մոտ 1,5 տարի բնակվում է Դանիայում: Երեկ անձամբ Հակոբյանից թերթը հնարավորություն չի ունեցել որևէ տեղեկություն ստանալ. նրա մերձավոր շրջապատից տեղեկացրել են, որ Հակոբյանը Հայաստանում չէ:
«Թաթուլ Հակոբյանի հետ կապված պատմությունն ուշագրավ է այն առումով, որ երեկ թիվ 10 ԸԸԿ-ն պատգամավորի թեկնածու չի գրանցել Խաչատուր Սուքիասյանին` վերջին հինգ տարում մի քանի ամիս արտերկրում բնակվելու, այդպես` ՀՀ մշտական բնակության ցենզին չհամապատասխանելու համար», – գրում է «Ժողովուրդ»-ը: