Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ատամնաբուժական ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի Մերի Թորոսյանը, ով մարտի 26-ին համալսարանի շենքում փորձել էր կտրել երակները, ունի հոգեբանական խնդիրներ: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ թիվ 1 հիվանդանոցի միկրովիրաբուժության բաժանմունքի բժիշկ Կարեն Պետրոսյանը:
«Աղջկան հիվանդանոց են բերել մակերեսային վնասվածքներով, և քանի որ կյանքին վտանգ չէր սպառնում, ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, ինչից հետո աղջիկը դուրս է գրվել հիվանդանոցից, սակայն շարունակում է ամբուլատոր բուժում ստանալ», – ասել է Պետրոսյանը:
Բժշկի խոսքով՝ Մերիին նշանակվել է հոգեբանի կոնսուլտացիա, որն էլ հաստատել է հոգեբանական խնդիրների առկայությունը:
«Դեռևս մանկության տարիներին աղջիկը սթրես է ունեցել, ինչն էլ հավանաբար իր ազդեցությունն է ունեցել նրա այս քայլի վրա: Աղջիկն ինքնասպանության է դիմել անձնական դրդապատճառներից ելնելով, ու հետագայում նման քայլից զերծ պահելու համար գտնվելու է համապատասխան հսկողության տակ», – նշել է Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ Մերին սիրո պատճառով էր դիմել այդ քայլին: Ինչպես ավելի վաղ գրել էր «Ժողովուրդ» թերթը, նա այդ մասին կանխավ տեղեկացրել է իր սիրած տղային: Նաև այդ պատճառով է, որ նրա ընկերուհիները ժամանակին նկատել են, որ աղջիկն ուշանում է և ստիպել են զուգարանի դուռը կոտրել: Աղջկան անմիջապես տարել են բժշկական կենտրոն, և պարզվել է, որ նրա երակը չի վնասվել: Վիրակապվելուց հետո ուսանողուհին գնացել է տուն: