Թիվ 12-րդ ընտրատարածքում պատգամավորի թեկնածու առաջադրված Տիգրան Տեր-Պետրոսյանը, ում սատարում է Հայ Ազգային Կոնգրեսը, Epress.am-ի հետ զրույցում հաստատել է, որ հանդիպել է 13-րդ ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված ՀՀԿ-ական Մհեր Սեդրակյանի հետ:
Տեր-Պետրոսյանի խոսքով՝ հանդիպումը կայացել է Մհեր Սեդրակյանի նախաձեռնությամբ:
«Ես մամուլից տեղեկացա, որ մեր հանդիպումը փորձում են ներկայացնել որպես գաղտնի, և ոմանք էլ դրա շուրջ սկսեցին շահարկումներ անել, բայց այդ հանդիպումը եղել է բաց, և որևէ նպատակ չեմ ունեցել թաքցնել այդ փաստը: Մնացածը կանանց բամբասանքներ են, որը մեկնաբանելը անլրջություն կլինի», – ասել է Տիգրան Տեր-Պետրոսյանը:
Նա նշել է, որ, քանի որ Էրեբունի համայնքում (այստեղ են տեղակայված 12-րդ և 13-րդ ընտրատարածքները – խմբ.) ընտրությունները միշտ ուղեկցվել են սկանդալային միջադեպերով, հանդիպման ժամանակ ինքը Սեդրակյանի հետ խոսել է Էրեբունիում ապօրինությունները բացառելու մասին:
«Բացի դա, հանդիպման ժամանակ ես առաջարկել եմ, որպեսզի Մհեր Սեդրակյանը կազմակերպի ևս մեկ հանդիպում՝ Էրեբունիում գործող մյուս կուսակցությունների տարածքային կառույցների ղեկավարների հետ», – ասել է Տիգրան Տեր-Պետրոսյանը:
Նշենք, որ aravot.am-ի հետ զրույցում Մհեր Սեդրակյանը նույնպես հաստատել էր հանդիպման փաստը՝ նշելով, որ ինքը Տիգրան Տեր-Պետրոսյանին ասել է հետևյալը.
«Ես ասել եմ՝ եկեք էս անգամ նորմալ ընտրություններ անցկացնենք, թե չէ Էրեբունու մասին միշտ վատ բաներ են գրվել: Տարիքով, մեծ մարդ ենք, էլի, գոնե մի անգամ նորմալ ընտրություններ անցկացնենք, որ հետո ավելորդ խոսակցություններ չլինեն»:
Մեզ հետ զրույցում Տեր-Պետրոսյանը նշել է, որ ապօրինությունները բացառելու շուրջ նախաձեռնությունը ողջունելի է, իսկ ընթացքը ցույց կտա՝ թե ինչ կլինի:
ՀԱԿ-ի թեկնածուն նաև ասել է, որ իր ընտրատարածքում բոլոր առաջադրված թեկնածուներին մրցակից է համարում: Նա նշել է, որ իր մրցակիցներին հիմնականի և երկրորդականի չի դասում:
Հիշեցնենք, որ նույն ընտրատարածքում պատգամավորության թեկնածու են առաջադրվել նաև Անահիտ Բախշյանը՝ «Ժառանգություն» կուսակցությունից, Կառլեն Գևորգյանը՝ ՀՅԴ-ից, Լյովա Խաչատրյանը՝ ԲՀԿ-ից, Ռոբերտ Մասումյանը՝ ՕԵԿ-ից և անկուսակցական լրագրող Գոհար Վեզիրյանը:
Այն հարցին, թե արդյոք նույն ընտրատարածքում մի քանի ընդդիմադիր թեկնածուների առկայությունը չի նպաստի իշխանության թեկնածուի առավելությանը, Տիգրան Տեր-Պետրոսյանը պատասխանել է.
«Ես կարծում եմ, որ այդ ընտրատարածքում առաջադրված մի քանի ընդդիմադիր թեկնածուներով՝ թե’ քարոզարշավի ընթացքում, թե’ ընտրությունների օրը միասին կպայքարենք ապօրինությունների դեմ»: