Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը կոչով դիմել է ՀՀ ոստիկանությանը` արձագանքելով մարտի 27-ին ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և ենթակա բաժինների անձնակազմերի հետ հանդիպման ընթացքում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի այն հայտարարությանը, որ ոստիկանությունը պետք է օրենքի շրջանակներում հետևի, որպեսզի ընտրություններն անցնեն աննախադեպ մակարդակով:
Իր կոչում ՀՔԱ Վանաձորի գրասենյակը նախ արձանագրում է, որ նախորդ ընտրությունների ընթացքում նախընտրական փուլերում վարչական ռեսուրսների լայնորեն օգտագործման, ընտրակաշառքների համակարգված բաժանման և դրանց կանխարգելման ուղղությամբ իրավապահ մարմիններն անգործության են անգործության են մատնված եղել: Իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է անում ոստիկանությանը իրապես ազատ և արդար ընտրությունների անցկացմանը նպաստելու համար իրականացնել «Ընտրակաշառք» օպերացիա, որի նպատակն է կանխարգելել ընտրակաշառքի բաժանումը և ստացումը, իսկ ընտրակաշառք տալու դեպքերում բացահայտել այդպիսի դեպքերը և մեղավոր անձանց պատասխանատվության հարցը լուծել:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակն առաջարկում է նաև, որ օպերացիայի արդյունքների վերաբերյալ անհրաժեշտ է պարբերաբար տեղեկացնել հասարակությանը, ինչպես նաև ամփոփել քվեարկությունից հետո 3 օրերի ընթացքում:
«Գտնում ենք, որ միայն նշված գործողությունների իրականացմամբ իրապես կկանխարգելվեն և կբացահայտվեն ազատ և արդար ընտրություններին խոչընդոտող հանցագործությունները և ՀՀ ոստիկանությունն իր իրավասությունների շրջանակում արդյունավետ մասնակցություն կունենա մեր երկրում ազատ, արդար և ժողովրդավարական ընտրությունների կայացմանը», – ասված է կոչի մեջ: