«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը 12-րդ ընտրատարածքում գրանցված մյուս հինգ թեկնածուներին համարում է մրցակից: Բացի Բախշյանից, այս ընտրատարածքում առաջադրվել են Տիգրան Տեր-Պետրոսյանը՝ Հայ Ազգային Կոնգրեսից, Լյովա Խաչատրյանը՝ ԲՀԿ-ից, Կառլեն Գևորգյանը՝ ՀՅԴ-ից, Ռուբեն Մասումյանը՝ ՕԵԿ-ից, և անկուսակցական լրագրող Գոհար Վեզիրյանը:
Epress.am-ի հետ զրույցում Անահիտ Բախշյանը տեղեկացրել է, որ իր քարոզարշավը լինելու է շատ բազմազան ու նորություններով լի:
«Իմ կարգախոսն է՝ «Ծառայել եմ, ծառայելու եմ»: Խոսելու եմ իմ լիազորությունների շրջանակում, ամենակարևորը՝ օրենսդրական նախաձեռնությունների մասին՝ հատկապես կրթության ոլորտում: Ապահովելու եմ կրթություն բոլորի համար», – ասել է Անահիտ Բախշյանը, ով մասնագիտությամբ մանկավարժ է:
Խոսելով նաև ընտրատարածքում առաջադրված այլ ընդդիմադիր թեկնածուների մասին` Անահիտ Բախշյանն ասել է, որ բոլորովին չի կարծում, թե այդ հանգամանքը իշխանական թեկնածուին առավելություն կտա:
«Ընդդիմադիրներն էլ տարբերվում են իրարից, մեկին ՀԱԿ-ն է պաշտպանում, մեկին՝ Դաշնակցությունը, ես էլ՝ «Ժառանգությունից» եմ: Մենք որպես ընդդիմադիրներ նույնպես տարբեր ենք: Ընտրողներին կընձեռնվի հնարավորություն ոչ թե մեկ թեկնածու ընտրել ընդդիմության մեջ, այլ ընդդիմության թեկնածուների մեջ էլ ընտրություն կատարել: Ոչ մի խնդիր չեմ տեսնում», – ասել է Անահիտ Բախշյանը: