ԱԺ պատգամավորության թեկնածու Սարիբեկ Սուքիասյանը որոշել է առաջադրվել, քանի որ իր եղբայրը` Հայ Ազգային Կոնգրեսի անդամ Խաչատուր Սուքիասյանն է իրեն հորոդրել ընդունել այդ որոշումը: Այս մասին ասված է Սարիբեկ Սուքիասյանի տարածած հայտարարության մեջ, որով ինքը տեղեկացնում է հանրությանն իր որոշման շարժառիթների մասին:
Ըստ Սուքիասյանի` առաջին դրդապատճառն այն է, որ իր եղբորը չգրանցելը նա համարում է անօրինական, մարդու իրավունքների կոպիտ խախտում և քաղաքական հետապնդում:
«Դա ես հերթական հաշվեհարդար եմ համարում Խաչատուրի հանդեպ նրա քաղաքացիական դիրքորոշման պատճառով և գտնում եմ, որ պետք է պայքարեմ այդ անարդարության դեմ` շարունակելով նրա պատգամավորական գործունեությունը»,- նշում է Սուքիասյանը:
Դրդապատճառներից մեկն այն է, որ այն ընտրատարածքում, որտեղ ինքն առաջադրվել է, միշտ եղել է սուր, բայց քաղաքակիրթ մրցակցություն մի քանի թեկնածուների միջև. «Մենք ցանկանում ենք, որ այդ արդեն ձևավորված ավանդույթը այսուհետ ևս շարունակվի»:
«Իմ առաջադրումը նաև ինչ-որ չափով արձագանք է հասարակության պահանջին: Համոզված եմ, որ ընտրողների քվեն ստանալու դեպքում կարող եմ արդյունավետ աշխատել Ազգային Ժողովում: Ունեմ աշխատելու, ղեկավարելու մեծ փորձ, լավ պատկերացնում եմ տնտեսությունը, գիտեմ տնտեսությանը խոչընդոտող գործոնները, որոնք կարելի է մեղմացնել կամ վերացնել` կատարելագործելով և բարելավելով օրենսդրությունը: Իմ շուրջը համախմբված տնտեսագետների ու իրավաբանների արհեստավարժ թիմը կօգնի ինձ իրականացնելու իմ պատգամավորական գործառույթները», – եզրափակուըմ է Սարիբեկ Սուքիասյանը:
Հիշեցնենք, որ Խաչատուր Սուքիասյանին չգրանցելու համար հիմք էր հանդիսացել ոստիկանության տեղեկանքը, համաձայն որի նա վերջին 5 տարվա ընթացքում մշտապես չի բնակվել Հայաստանում: