Հայաստանի խոշորագույն «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցը շարունակում է խաբել իր հաճախորդներին: Այսօր` մարտի 30-ին, «Երևան Սիթի» սուպերմարկետներից մեկում վաճառվում էին «Գաուդա» և «Իլերթալեր» պանրի տեսականիներ, որոնց վրա որպես փաթեթավորման օր էր նշված «31.03.12»-ը: Ուշ երեկոյան այս սուպերմարկետներ բերվող հացը նույնպես թվագրվում է հաջորդ օրով, որին բազմիցս ականատես են եղել Epress.am-ի աշխատակիցները:
Սա այս ցանցի ոչ բարեխիղճ աշխատանքի առաջին դեպքը չէ: Նշենք, որ այս սուպերմարկետների ցանցը պատկանում է խոշոր գործարար, ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ Սամվել Ալեքսանյանին (Լֆիկ Սամո): Վերջինս զբաղվում է կեղծված օղու զանգվածային արտադրությամբ` կրկնօրինակելով ուկրաինական և ռուսաստանյան բրենդերը: Այդ արտադրանքը ակտիվորեն իրացվում է պատգամավորի սուպերմարկետների ցանցում:
Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերությունը նաև մենաշնորհային դիրք է զբաղեցնում շաքարավազի, կարագի և ձեթի, ինչպես նաև ցորենի և ալյուրի հայաստանյան շուկայում:
Ինքը` պատգամավորը, իր վերջին հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ չի համատեղում գործարար և օրենսդիր գործունեությունը, որն արգելված է օրենքով, և որ բիզնեսով զբաղվում է իր կինը, որը, օրինակ, անգամ վճարել է Ալեքսանյանի քթի վիրահատության գումարը: