«Հայկական ժամանակ» օրաթերթում հրապարակված Երևանի թիվ 10 ընտրատարածքի 10/30 ընտրական տեղամասի ընտրացուցակում տեղ գտած անճշտությունը պարզելու նպատակով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում ստեղծված արագ արձագանքման օպերատիվ շտաբը կատարել է ուսումնասիրություն:
Հիշեցնենք, որ որպես մահացած մարդու` ցուցակներում ընդգրկելու օրինակ օրաթերթը նշել էր Երևանի թիվ 10 ընտրատարածքի՝ Չեխովի անվան դպրոցում տեղակայված 30-րդ տեղամասը, որտեղ, ըստ ընտրացուցակների, քվեարկությանը մասնակցելու է Ֆադեյ Տաճատի Սարզպանը, ով հայտնի գիտնական է, ակադեմիկոս, Գիտությունների ակադեմիայի նախկին նախագահ, բայց ով վախճանվել է երկու տարի աոաջ՝ 2010 թվականի հունվարին:
Ինչպես հաղորդում են Ոստիկանությունից, անճշտությունը անձնագրային ծառայության աշխատակցի ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանք է: Անձնագրային ծառայության քաղաքացիական ծառայողը ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Անճշտությունը վերացվելու է:
Անձնագրային և վիզաների վարչությունը հայցում է Ֆադեյ Սարգսյանի հարազատների ներողամտությունը:
Ոստիկանությունը քաղաքացիներին խնդրում է ընտրողների ցուցակներում ցանկացած անճշտություն, այդ թվում՝ մահացած անձանց տվյալներ հայտնաբերելիս, դիմել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն կամ հաշվառման վայրի անձնագրային ծառայություն կամ զանգահարել 010-53-88-63 հեռախոսահամարով: