Այսօր Հանրային հեռուստաընկերության շենքի դարպասների մոտ պիկետ կազմակերպած Երվանդ Կարապետյանի մոտ բժիշկները հոգեկան շեղումներ չեն հայտնաբերել և ոստիկանությունը երիտասարդին ազատ է արձակել 18:00-ի սահմաններում:
«Պատրաստվում եմ Հ1 -ի մոտ հաջորդ ակցիային, բայց մինչ այդ վաղը կհանդիպենք Մաշտոցի պուրակում՝ հանդիսատես լինելու այս երկրից անօրինականության և ապօրինության ապամոնտաժմանը կամ նույն ինքը` կազմաքանդմանը», – Facebook-ի իր էջում գրել է Երվանդ Կարապետյանը:
Հիշեցնենք, որ ոստիկանության աշխատակիցները երիտասարդին բժիշկների մոտ էին տարել պիկետի վայրից` նշելով, որ ահազանգ է ստացվել, թե Երվանդ Կարապետյանը հոգեկան շեղումներ ունի և իրենք պարտավոր են ստուգել:
«Այսօր առավոտյան ժամը 11-ից Հանրային հեռուստաընկերության շենքի մուտքի կողմից, փողոցում՝ մայթին կանգնած պիկետ էի անցկացնում: Մի քանի պլակատ ունեի՝ «Հանրայինը խախտում է օրենքը», «Ապահովեք բազմակողմանի լուսաբանում», մյուսն էլ Սերժ Սարգսյանի փեսայի նկարով էր ՝ «Վերադարձնենք եթերը Միշիկից», ըստ տեղեկությունների, որոնք չեն հերքվել, նա վերահսկում է հեռուստադաշտը ու հեռուստամագնատ է: Կես ժամ առաջ մի քանի ոստիկաններ եկան, առանց ներկայանալու, իմ կամքին հակառակ՝ միանգամից հրելով ինձ նստեցրին մեքենան ու տարան: Երբ փորձեցի հասկանալ՝ ինչ է կատարվում, ու հարցրեցի, թե ուր են տանում, ոստիկանները պատասխանեցին, որ իրենք ահազանգ են ստացել, թե Հանրայինի մոտ հոգեկան հիվանդ կա և տանում են ճշտելու: Ես բացատրեցի, որ իրավունք ունեմ պիկետ անցկացնելու, ինձ ասացին՝ չունես, քանի որ Հանրային հեռուստաընկերությունը ստրատեգիական օբյեկտ է», – բերման ենթարկվելուց հետո Epress.am-ի հետ զրույցում պատմել էր Երվանդ Կարապետյանը: