«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը վստահ է, որ Սյունիքի մարզպետ, ՀՀԿ-ական Սուրիկ Խաչատրյանը խուլիգան է և երեկ Սյունիքի մարզում հերթական խուլիգանական վարքագիծն է ցուցադրել: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Փոստանջյանը և նշել է, որ մարզպետն ամեն կերպ խոչընդոտում է Սյունիքի մարզում «Ժառանգության» մարզային նախընտրական շտաբ հիմնելուն:
«Երեկ առավոտյան Գորիսում բացված նախընտրական շտաբը նրա ճնշումների ու սպառնալիքների տակ այսօր փակվել է: Մարզպետը այնպես է ճնշել ու ահաբեկել տարածքի սեփականատիրոջը, որ այդ մարդիկ հրաժարնել են տարածքը տրամադրել «Ժառանգություն» կուսակցությանը: Նրանք՝ առանց հիմնավոր պատճառաբանությունների այսօր մեզ խնդրել են վերադարձնել տարածքի բանալիները ու վերցնել կուսակցության ցուցապաստառները», – նշել է Փոստանջյանը:
Պատգամավորի խոսքով` մարզպետը հսկողությունն է իրականացնում բոլոր նրանց նկատմամբ, ում հետ ինքը հանդիպումներ է ունենում:
«Ամբողջ ընթացքում տարբեր մեքենաներ հետևել են ինձ ու գրանցել, թե ում հետ եմ հանդիպել ու որտեղ են բացվել մեր գրասենյակները: Մարզպետը փորձում է իր բոլոր լծակներով ճնշել ու ահաբեկել այդ մարդկանց, նրանց բարեկամներին՝ յուրաքանչյուրին իր ձևով», – պատմել է Փոստանջյանը և ընդգծել, որ ինքը զանգել է Սուրիկ Խաչատրյանին, սակայն պարզաբանում ստանալու փոխարեն արժանացել է հայոյանքների:
«Երեկոյան զանգեցի մարզպետին և ասացի, որ խնդիր է առաջացել, և մեզ ասում են, որ խնդրի առաջացման աղբյուրը դուք եք, նա լսեց ու սկսեց հայհոյել», – ասել է Փոստանջյանն ու ավելացրել, որ Ժառանգություն կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ «Ժառանգությունը» խստորեն դատապարտում է Սյունիքի մարզպետի պահվածքը, ինչպես նաև ԿԸՀ և իրավապահ մարմինների ուշադրությունն է հրավիրում վերը նշված փաստի վրա և պահանջում ապահովել բոլոր քաղաքական ուժերի համար նախընտրական մրցակցային հավասար պայմաններ:
«Սպասում ենք` ՀՀ իրավապահ մարմինները համապատասխան արձագանք տան խուլիգան մարզպետի կողմից իրականացվող բոլոր գործողություններին», – եզրափակել է Փոստանջյանը:
Հիշեցնենք, որ Սուրիկ Խաչատրյանը մի քանի ամիս առաջ հայտնվել էր սկանդալային պատմության մեջ, երբ «Մարիոթ» հյուրանոցում հարվածել էր գործարար Սիլվա Համբարձումյանին: ՀՀԿ-ական գործարան իր այդ արարքի համար չպատժվեց: Նախաքննությունը եկել է այն եզրակացության, որ մարզպետի արարքն իր մեջ չի պարունակում ծեծի հատկանիշներ՝ իր «եզակիության և նվազ կարևորության պատճառով, քանի որ քրեական իրավունքի տեսությունում «ծեծել» ասելով հասկացվում է ֆիզիկական ցավ պատճառելուն ուղղված բազմաթիվ հարվածներ հասցնելը»: