Բուդապեշտի բժշկության և սպորտի համալսարանը Հունգարիայի 4-րդ նախագահ Փալ Շմիդտին զրկել է գիտությունների դոկտորի աստիճանից. քաղաքական գործչի ատենախոսությունում այլ գիտական աշխատանքներից բառացի փոխառություններ են հայտնաբերվել, հաղորդում է BBC-ն:
Համալսարանի ռեկտոր Թիվադար Թուլասայը մեղադրել է Շմիդտին մասնագիտական և էթիկական նորմերի խախտման մեջ:
Նախագահին դոկտորի աստիճանից զրկելու նախաձեռնությանը կողմ են քվեարկել համալսարանի գիտական խորհրդի 33 անդամներ, դեմ են եղել 4-ը:
Նախագահի գիտական աստիճանի շուրջ սկանդալը բռնկվել էր դեռ հունվարին, երբ հունգարական տնտեսական HVG շաբաթականը մեղադրել էր երկրի ղեկավարին պլագիատի մեջ: Լրագրողները ենթադրում էին, որ 1992 թվականին հաջողությամբ պաշտպանած ատենախոսությունը բառացի թարգմանություններ է պարունակում:
Ինքը` Շմիդտը կտրականապես հերքել էր այս տեղեկությունները և մերժել էր պաշտոնը լքելու վերաբերյալ ընդդիմության պահանջները:
Շմիդտի աշխատանքը ուսումնասիրելու համար հատուկ հանձնաժողով էր ստեղծվել, որն էլ հրապարակել է եզրակացությունը մարտի 29-ին:
Հանձնաժողովը պարզել է, որ քաղաքական գործչի 215 էջանոց ատենախոսությունը մեծ քանակությամբ բառացի թարգմանություններ է պարունակում: Նրա աշխատանքի 180 էջը մասնակիորեն համընկնում է բուլղարացի գիտնականի աշխատանքի հետ: Եվս 16 էջ պատճենված է գերմանացի գիտնականի աշխատանքից:
Այդուհանդերձ հանձնաժողովը նշել է, որ չնայած բազմաթիվ անճշտությունների, ատենախոսությունը ընդհանուր առմամբ համապատասխանում է այն տարիների պահանջներին: