Վերջին շրջանում քաղաքական մի քանի իրադարձությունների հետևանքով Ադրբեջանի ու Իրանի հարաբերություններում առաջացած լարվածությունը չի նվազել նաև Նովրուզի օրերին. Թավրիզում ակտիվ գործունեություն ծավալող իրանցի հոգևորականը Իլհամ Ալիևի Նովրուզը շնորհավորել է նամակով, որտեղ սպառնալիքներ են հնչել, թե կփակեն Թավրիզում Ադրբեջանի հյուպատոսությունը, եթե Ադրբեջանի իշխանությունները շարունակեն վարել հակաիսլամական քաղաքականություն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է իրանագետ Արմեն Իսրայելյանը:
«Անգլիական «Times» պարբերականը հայտնել էր, որ Ադրբեջանը համարվում է երկիր, ուր ազատ գործում են լրտեսներ, ու այդ համատեքստում Իրանը մեղադրեց Ադրբեջանին, որ վերջինս իր տարածքը տրամադրում է իսրայելական հատուկ ծառայությունների գործակալներին, որոնք էլ պարբերաբար սպանում են իևանական ատոմագետ-ֆիզիկոսներին, որպեսզի խաթարեն Իրանի միջուկային ծրագիրը», – ասել է հանդիպման մեկ այլ մասնակից՝ ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը:
Նրա համոզմամբ՝ այս լարվածությունը չի նվազում, և վերջերս Բաքվում ձերբակալեցին երկու անձանց, ում մեղադրում էին Իրանի օգտին լրտեսություն կատարելու մեջ: Այդ լրտեսկան սկանդալը նվազելու փոխարեն, նոր թափ է ստանում:
«Վերջերս լուրեր շրջանառվեցին, իբրև թե Իսրայելը, ադրբեջանա-իրանական սահմանին ձեռք է բերել մի տարածք՝ ռազմական օդանավակայան կառուցելու համար: Պաշտոնական Բաքուն հերքեց այդ տեղեկատվությունը: Այնուամենայնիվ, պարզ է դառնոմ, որ Իսրայելը ուժեղացնում է իր դիրքերը Ադրբեջանում, այսինքն` Ադրբեջանն ակամայից վերածվում է մի պլացդարմի, որտեղից Իսրայելն ու արևմտհյան մի արք գազտնի ծառայություններ կարողանում են հետևել Իրանին ու իրանկան զարգացումներին ու, ինչու չէ, նաև ձեռքը պահել զարկերակին», – ասել է Ասատրյանն ու հավելել՝ թեև Ադրբեջանն իրեն համարում է աշխարհիկ երկիր, այնուամենայնիվ, իրանական մի շարք բարձրաստիճան հոգևորականներ պարբերաբար հայտարարում են, որ ալիևյան ռեժիմը ոտնահարում է իսլամը, հավատացյալ մարդկանց իրավունքները:
«Մի շարք հոգևորականներ սատանայական քայլ են համարել Ադրբեջանում անցկացվող Եվրատեսիլը ու սպառնացել են, որ հակաքայլեր կձեռնարկեն, ավելին՝ կփակվի Թավրիզում Բաքվի հյուպատոսարանը, նաև տեղեկություններ կան, որ Ադրբեջանում գեյ-պարադ է անցկացվելու, ինչը նույնպես, Իրանի հավաստմամբ իսլամական օրենքների կոպիտ խախտում է, և իրենք խիստ միջոցներ կկիրառեն», – նշել է ադրբեջանագետն ու շետել, որ չնայած մի շարք բարձրաստիճան հոգևորականներ Իրանում քննադատում են Ադրբեջանի քաղաքականությունը, սակայն, հավասարակշռությունը պահելու համար, նաև քար են գցում Հայաստանի կողմը:
«Նրանք նշում են, որ ԼՂՀ-ն պատկանում է Ադրբեջանին, ու այս փորձով ամեն ինչ անում են, որ երկու կողմն էլ չնեղանա», – ասել է բանախոսը:
Նա նաև ավելացրել է, որ իրավիճակը փոխվել է ի նպաստ Հայաստանի, ու Հայաստանը պետք է հստակ օգտվի ու օգտագործի այս առիթը` Իրանի հետ հարաբերությունները լավացնելու ուղղությամբ: