Թուրքիայի խորհրդարանը վերջապես ընդունել է կրթական բարեփոխումների մասին վիճահարույց օրենքը` չնայած ընդդիմության դիմադրությանն ու բողոքի ակցիաներին: Օրենքը, որը նկատելի փոփոխությունների կենթարկի կրթական համակարգը և Ղուրանը դպրոց կմտցնի որպես կամընտրական առարկա, վերջին ասմվա ընթացքում ընդդիմության և իշխանության միջև լուրջ բախումների`ընդհուպ մինչև ծեծկռտուք, պատճառ է դարձել:
Իշխող Արդարություն և զարգացում կուսակցության օրենսդիրները ծափողջույններով են ընդունել Կրթության նախարարի այն հայտարարությունը, ըստ որի «սա ժողովրդի և պետության միջև հաշտությանն ուղղված պատմական քայլ է»: Թուրքիայի կրթական համակարգն այլևս չի դաստիարակի «նախատիպային մարդկանց»:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, իր հերթին, հայտարարել է, որ ոչ ոք ստիպված չի լինի Ղուրան ուսումնասիրել, դա կամավոր բնույթ կկրի:
Հիշեցնենք, որ օրենքի քննարկումների ժամանակ երկու անգամ ծեծկռտուք է տեղի ունեցել թուրքական խորհրդարանում: Եվս մեկ միջադեպ էր գրանցվել մարտի 29-ին, երբ իշխող կուսակցության պատգամավորը սկբում վիրավորել, իսկ այնուհետև հարձակվել էր ընդդիմության ներկայացուցչի վրա` փորձելով խեղդել նրան: