Երեկ Հանրային հեռուստաընկերության շենքի դարպասների մոտ պիկետ կազմակերպած Երվանդ Կարապետյանին ոստիկանություն բերման ենթարկելուց, ապա այնտեղից Նորքի հոգեբուժարան տեղափոխելուց հետո` Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանն իր կազմակերպության երկու աշխատակիցների` փաստաբան Նինա Կարապետյանցի և Արման Վեզիրյանի հետ, մեկնել են հոգեբուժարան, որտեղ աջակցել են Կարապետյանի ազատ արձակմանը:
Epress.am-ի հետ զրույցում Դանիելյանը նշել է, որ ոստիկաններն իրեն ասել են, թե Կարապետյանին բերման ենթարկել են մի անհայտ քաղաքացու ահազանգով, և երբ ոստիկանները ցանկացել են նրան հեռացնել այդ տարածքից, քաղաքացին չի հեռացել, ու, ոստիկանները նրա վիճակը գնահատելով ոչ ադեկվատ, տարել են ոստիկանություն, այնուհետև` հոգեբուժարան:
«Երբ մենք զանգեցինք Կարապետյանին և պարզեցինք, որ նրան տանում են Նորքի հոգեբուժարան, մենք գնացինք այնտեղ: Ես մտա, ներկայացա, այդ ժամանակ ոստիկանները պահանջեցին հավաքել կոնսիլիում, և որոշվեց, որ այս երիտասարդը հիվանդ չէ, հերթապահ բժիշկ Դանիելյանը գրանցեց մատյանի մեջ: Կարապետյանը խնդրեց, որ պատճենահանեն այդ որոշումը և բերեն հետ: Աշխատողը գնաց, բայց հետ վերադարձավ առանց թղթի ու ասաց, որ իրեն վերև են կանչում, վերևում այդ պահին գտնվում էր հոգեբուժարանի տնօրենը` Սամվել Թորոսյանը», – պատմել է Միքայել Դանիելյանը:
Նա նաև տեղեկացրել է, որ սկզբում «կորել է» բժշկի գրած թուղթը և Կարապետյանին բերման ենթարկելու վերաբերյալ թուղթը:
«Սակայն տեսնելով, որ մեծ աղմուկ ենք բարձրացնում, առաջինը հայտնաբերվեց` այն պատճառաբանությամբ, որ քարտուղարուհու մոտ էր մնացել, իսկ երկրորդը` ոստիկանները թեև հայտնաբերեցին, բայց միայն ցույց են տվել մեզ և ասել են, որ մի քանի օրից նոր կտան:
Երբ դեռ համապատասխան թղթերը չկային, ես ոստիկաններին հարցրեցի` մենք կարո՞ղ ենք տանել Կարապետյանին, ասացին` այո: Ես ասացի` իսկ դա փախուստ չի՞ ընկալվի, ասացին` ոչ, բայց մենք սպասում էինք, իսկ թուղթը չկար: Փոխգնդապետ Հակոբյանը նայում էր մեր աչքերի մեջ և խաբում էր մեզ` ասելով, որ թղթերն իրենց մոտ չեն: Ես Հակոբյանին ասացի, որ ինքն այդ պահվածքով կարող է լուրջ ակնկալիքներ ունենալ ընդհուպ մինչև առաջընթաց պաշտոնում և կարող է դառնալ գեներալ», – ասել է Միքայել Դանիելյանը:
Նա նաև խոստացել է ոստիկաններին, որ իրենք անպայման կստուգեն, թե ով է եղել այն անհայտ քաղաքացին, որ զանգահարել է ոստիկանություն և հաղորդել, որ Կարապետյանը հոգեկան հիվանդ է: