Home / Տեսանյութեր / Մաշտոցի պուրակի ակտիվիստները ոստիկաններից ավելի հիմնավոր փաստարկներ են ակնկալում

Մաշտոցի պուրակի ակտիվիստները ոստիկաններից ավելի հիմնավոր փաստարկներ են ակնկալում

Ոստիկանության  հայտարարությունը  Մաշտոցի պուրակում նախատեսվող ապամոնտաժման  գործողությունների վերաբերյալ վկայում է, որ ոստիկանությունը մտադիր է շարունակել պաշտպանել Երևանի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասում՝  թույլտվությամբ սահմանված պայմաններին ակնհայտ էական խախտումներով կառուցված ինքնակամ շինությունները։ Այս մասին ասված է Մաշտոցի Պուրակում  ինքնակամ շինությունների ապամոնտաժման աշխատանքները նախաձեռնող խմբի հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ ակտիվիստները պատրաստվում են այսօր ժամը 13:00-ին սեփական ջանքերով ապամոնտաժել պուրակում տեղադրված տաղավարները, ինչի մասին նրանք նամակով տեղեկացրել են ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին՝ պահանջելով «աշխատանքների ժամանակ ապահովել հասարակական կարգի պահպանությունը և աշխատանքներ իրականացնող անձանց անվտանգությունը»: Ոստիկանությունը, իր հերթին, կոչ է արել ակտիվիստներին «զերծ մնալ հակաիրավական գործողություններից»:

«Ենթադրում ենք, որ ոստիկանությունը գիտակցում է իր  պատասխանատվությունը հասարակության առջև անօրինական սեփականությունը պաշտպանելու համար և դրա բոլոր հետևանքները։ Հիշեցնում ենք,  որ Երևանը համայնք է` Երևանի բնակչության հանրություն: Համայնքի բնակիչները կարող են Երևանի վարչատարածքային սահմաններում ուղղակիորեն իրականացնել տեղական ինքնակառավարում: Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող ինքնակամ կառույցի նկատմամբ ճանաչվում է պետության կամ համայնքի սեփականությունը՝ անկախ նրանից, թե ով է այն կառուցել: Հողամասի սեփականատերն իրավունք ունի քանդելու իր հողամասում գտնվող ինքնակամ կառույցը: Մենք շարունակում ենք համարել որ, Մաշտոցի պուրակում անօրինական գործողությունների դեմ բողոքող հասարակության ներկայացուցիչների լսված լինելու իրավունքը մնում է ոտնահարված։ Ուստի համոզված ենք, որ Երևանի բնակիչների կողմից համայնքի սեփականությունը պաշտպանելու համար նախատեսվող գործողությունների անհրաժեշտությունը պահպանվում է», – նշում են հայտարարության հեղինակները։

Նրանք ակնկալում են, որ մարտի 31-ին քաղաքացիական իրավունքների ինքնապաշտպանության գործողությունները կասեցնելու համար, բացի հարկադրանք կիրառելու հնարավորությունից, ոստիկանությունը կներկայացնի նաև ավելի հիմնավոր փաստարկներ։