Պետական դավաճանության մեջ մեղադրվող Կարեն Մեհրաբյանը Կենտրոն և Նորք Մարաշ առաջին ատյանի դատարանում այսօր հայտարարել է, որ իր հետ ամբաստանյալի աթոռին նստած են անմեղ մարդիկ, իսկ մեղավորներն ազատության մեջ են, և հնարավորություն ունեն շարունակել վնաս պատճառել երկրի անվտանգությանը:
Հիշեցնենք, որ, քրեական գործի համաձայն` պետական դավաճանությունը կազմակերպելու մեջ Մեհրաբյանի հետ միասին մեղադրվում են նաև Աշոտ Չտրկյանը և Ռոման Մաթևոսյանը: Ըստ գործի նյութերի, 2011թ. Մեհրաբյանը մեկնել է Թուրքիա և որոշակի վարձատրության ստանալու դիմաց Տիգրան և Սայիդ անուններով հետախույզներին խոստացել է ԼՂՀ և ՀՀ բանակի վերաբերյալ տեղեկատվություններ տրամադրել: Քննիչները պնդում են, որ նրան օժանդակել են Չտրկյանն ու Մաթևոսյանը: Կարեն Պետրոսյանը, Դավիթ և Արթուր Ավետիքյանները մեղադրվում են հանցագործության մասին իմանալու և չհայտնելու մեջ:
Իր պաշտպանական ճառի ընթացքում Մեհրաբյանը նշել է, որ գիտակցում է` չի կարող խուսափել ազատազրկումից, սակայն իրական մեղավորներին պատժելու համար հորդորել է գործի նոր քննություն անցկացնել:
«Ես դիտավորություն չեմ արել: Ես զղջացել եմ, երբ իմացել եմ` ինչ կազմակերպոըւթյան հետ եմ աշխատում: Երկրորդ բանը, որի համար զղջում եմ, այն է, որ անմիջապես չեմ դիմել Ազգային անվտանգությանը, և փորձել եմ ինքս տեղեկատվություն հավաքել և բացահայտել թշնամիների դավադրությունը»,- ասել է Կարեն Մեհրաբյանը:
Ըստ նրա` ձերբակալման առաջին իսկ օրվանից նախաքննական մարմինը նպատակ է ունեցել հավաքել այնպիսի տեղեկություն, որը կապացուցի իր մեղքը, ուստի չի ընդգրկել գործի ընթացքում ստացված այն նյութերը, որոնք դրա մասին չեն վկայել: Այսպես` հանցագործության մասին իմանալու և այդ մասին չհայտնելու մեջ մեղադրվող երեք ամբաստանյալները կանչվել են որպես վկա, և միայն Մեհրաբյանի հանցանքի մասին չվկայելու պատճառով են «պատժվել» և մեղադրանքի արժանացել, և ոչ թե այլ վկաների նման ազատ արձակվել:
«Ռոման Մաթևոսյանին հայտնել են, թե իր դեմ մեղադրանք է հարուցվել, որովհետև ես եմ մատնանշել իրեն: Դա արվել եմ իմ և Ռոմանի միջև լարվածություն ստեղծելու համար: Իրականում Մարիամի և Գրիգորի վկայություններ են ձերբակալման պատճառը հանդիսացել: Արձանագրեք, որ ես Աշոտ Չտրկյանի դեմ ոչ մի ցուցմունք չեմ տվել: Իսկ գործերից բացակայում է հուլիսի 23-ի մեր ունեցած խոսակցությունը»,- ասել է Մեհրաբյանը` նշելով, որ Կարինեն, Մարիամը, Նոռան, (ով, ըստ մեղադրյալի, կեղծ վկայություն է տվել, թե Ռոմանը իր ամուսինն է) և Գրիգորը, ինչպես նաև մի փոխգնդապետ, ում անունը Կարեն Մեհրաբյանը հրաժարվել է բացահայտել, պետք է լինեին ամբաստանյալի աթոռին:
Նշենք, որ Կարինեն և նրա զավակները` Մարիամը, Նոռան և Գրիգորն այն անձինք են, ովքեր ծանոթացրել են Մեհրաբյանին Սայիդի հետ: Մեհրաբյանը նշել է, որ Գրիգորը կեղծ վկայաություն է տվել` ասելով, որ Սայիդին Ռոման Մաթևոսյանի հետ ծանոթացրել է Կարենը, մինչդեռ քննությունը ցույց է տվել` իրականում Սայիդի հետ Ռոմանին ծանոթացրել է Գրիգորի և նրա ընտանիքի անդամների միջոցով:
Ելույթ է ունեցել նաև հանցագործությանը աջակցելու մեջ մեղադրվող Աշոտ Չտրկյանը: Նախ նա խնդրել է դատարանին, որպեսզի իրեն հարցաքննեն ստի դետեկտորով:
Չտրկյանն ասել է, որ իր ու Մեհրաբյանի քավոր-սանիկ լինելն է դատախազի մոտ անդրդվելի տպավորություն ստեղծել, որ ինքը համագործակցել է Մեհրաբյանի հետ: Իրականում Չտրկյանը և Մեհրաբյանն ասել են ցուցմունքներում, որ վերջինս Աշոտին առաջարկել է լավ աշխատանք, սակայն նա հրաժարվել է միանալ, մինչև չիմանա ինչի մասին է խոսքը:
Չտրկյանը հետևյալ հարցերն է ուղղել դատարանին և դատախազին:
«Ինչո՞ւ են ասում, որ ես եղել եմ ԱԱԾ տեսադաշտում, սակայն իմ հեռախոսազանգերը չկան գործում: Ինչո՞ւ ինձ չեն հայտնել` ինչի են ինձ ձերբակալում: Ինչո՞ւ ենք հավատում Մեհրաբյանի այն ասածներին, ինչը ձեզ ձեռք է տալիս: Որտեղի՞ց գիտեք, որ Սայիդը և Տիգրանն ադրբեջանցի հետախույզներ են: Ինչո՞ւ է քննիչը ինձ ասել` «բրթելով էլ լինի, դատելու եմ քեզ», «մենակ նրա համար, որ Թուրքիա ես գնացել, պետք է դատվես», «մի՞թե Կարենի սկանի համար, ինձ ավելի քան 10 տարի պետք է ազատազրկել»,- ասել է Աշոտ Չտրկյանը:
Հիշեցնենք, որ Աշոտ Չտրկյանի մեղադրականում կետերից մեկում նշվում է, որ Կարեն Մեհրաբյանը նրա քեռու տան համակարգչից փաստաթղթեր է սկան արել: Չտրկյանը պնդում է, որ ինքը չի իմացել, թե ինչ է արել Կարենը:
Իր ճառում Չտրկյանը նաև հիշեցրել է, որ գործում կա արձանագրություն, թե ինքը Մեհրաբյանից 50 դոլար է պարտքով խնդրել: Ըստ մեղադրյալի դա չի կարող իր դեմ ապացույց դիտվել, քանի որ եթե ինքը համագործակցեր Կարենի հետ, նա կպահանջեր իրեն հասանելիք գումարը, և ոչ թե պարտքով կուզեր: