«Ժառանգություն» կուսակցությունն այս պահի դրությամբ դեռևս չի լուծել Սյունիքի մարզի Գորիս քաղաքում նախընտրական գրասենյակ ունենալու հարցը: Վերջին օրերին ևս խմբակցությունը փորձել է նախընտրական գրասենյակի համար նոր տարածքներ ձեռք բերել Գորիսում, սակայն ապարդյուն:
«Վախի մթնոլորտում ապրող սյունեցիներին դժվար է համոզելը. նրանք հրաժարվում են ընդդիմությանը՝ հատկապես «Ժառանգությանը» գրասենյակ տրամադրել», – Epress.am-ի հետ զրույցում ասել է խմբակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը:
«Այն մարդիկ, ովքեր մեզ սիրահոժար կերպով տարածք էին տրամադրել, հայտնի միջադեպից հետո հրաժարվեցին՝ խնդրելով մեզ հետ վերադարձնել տարածքի բանալիները: Մենք ենթադրում ենք, որ գորիսցիները վախենում են, քանի որ բոլորն էլ տեղյակ են, թե այնտեղ ինչ վիճակ է», – ասել է Խուրշուդյանն ու հավելել, որ ամեն դեպքում իրենք փորձելու են ինչ-որ լուծում գտնել:
Հիշեցնենք, որ մարտի 2-ի առավոտյան Գորիսում բացված նախընտրական գրասենյակը փակվել էր հաջորդ օրը: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել էր ԱԺ պատգամավոր, «Ժառանգության» անդամ Զարուհի Փոստանջյանն և նշել, որ մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ամեն կերպ խոչընդոտում է Սյունիքի մարզում «Ժառանգության» մարզային նախընտրական շտաբ հիմնելուն` ահաբեկելով տարածք տրամադրողներին ու նրանց բարեկամներին:
Խուրշուդյանը նշել է, որ մինչ այս պահը իրավապահներն ու պատկան մարմինները չեն արձագանքել իրենց հայտարարությանը:
«Մենք առայժմ մեր հետևություններն ենք անում ու որևէ արձագանք չստանալու պարագայում կորոշենք հետագա քայլերն ու անելիքները», – եզրափակել է Խուրշուդյանը: