Եթե հայաստանյան լրատվությունն անպատասխանատու է դառնում, դրա հիմնական մեղքը կառավարությանն է, քանի որ ունենք անպատասխանատու կառավարություն:
Այդ մասին այսօր հայտարարել է «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության նախագահ, hetq.am կայքի Էդիկ Բաղդասարյանը` «Պատասխանատու լրագրություն, լրագրողական էթիկա և տեղեկատվության ազատություն» թեմայով Երևանում կայացած սեմինարի ժամանակ:
««Պատասխանատու լրագրություն» արտահայտությունն ամենատարածվածն է աշխարհում: Երբ լրագրողներին սկսում են դասեր տալ, միանգամից ասում են, որ նրանք պետք է լինեն պատասխանատու: Ես միշտ հակառակ կողմից եմ գալիս, լրագրողները կարող են լինել պատասխանատու, եթե կառավարությունը պատասխանատու է, որովհետև մեզ մոտ շատ հաճախ պատասխանտու լրագրությանը կառավարությունը չի արձագանքում, կառավարությունը շատ արագ արձագանքում է ոչ պատասխանատու լրագրությանը: Այսինք` նրանք արձագանքում են, երբ որ զրպարտանք է լինում, երբ բամբասանք և վիրավորանք է լինում», – ասել է Բաղդասարյանը:
Նա նաև հավելել է, որ լուրջ հոդվածների դեպքում` երբ կաշառակերության մեջ մեղադրանք է լինում, պաշտոնական դիրքի չարաշահման նյութեր են լինում, կառավարությունը չի արձագանքում: