ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը մարտի 31-ին բավական երկար ժամանակ եղել է նախագահական նստվայարում, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Թերթը նշում է, որ այցելությունը գաղտնի բնույթ է կրել, քանի որ ԿԸՀ-ն, ինչպես նաև ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը դրա վերաբերյալ հաղորդագրություններ չեն տարածել:
Կիրակի «ՀԺ»-ի թղթակիցը հարցրել է Մուկուչյանին, թե որն է եղել նախագահական այցելելու առիթը և նպատակը, ինչին ի պատասխան ԿԸՀ նախագահն ասել է. «Ես այդ հարցին չեմ պատասխանում, որովհետև կեռեկտ չեմ համարում ցանկացած նման հարց տալը»:
Որոշ ժամանակ անց, սակայն, Տիգրան Մուկուչյանը փոխել է իր որոշումը` համաձայնելով խնդրի վերաբերյալ մեկնաբանություններ տալ:
«Ընտրությունների նախապատրաստումը և կազմակերպումը համապետական միջոցառում է, որտեղ ինչպես ԿԸՀ-ն, այնպես էլ` պետական տարբեր մարմիններ, ունեն օրենքով սահմանված գործառույթներ: Հետևաբար, պետական մարմինների հետ տարբեր խնդիրների քննարկումը, որոնք վերաբերվում են ընտրությունների պատշաճ կազմակերպմանը, արտառոց երևույթ չեն և օրինախախտում որակվել չեն կարող», – ասել է Մուկուչյանը:
Այս առնչությամբ թերթն ընդգծում է, որ ՀՀ ընտրական օրենսգրքով ԿԸՀ-ն որևէ պետական մարմնին, այդ թվում` նախագահականին կամ կառացարությանը ենթակա չէ: ԸՕ-ում չկա որևէ դրույթ, որը ԿԸՀ նախագահին լիազորում է նախագահականում իր գործունեության կանոնները քննարկել, չկա ոչ մի դրույթ, որը նախագահականում գտնվող պաշտոնյաններին` Սերժ Սարգսյանից սկսած, իրավունք է տալիս ԿԸՀ նախագահին ցուցումներ տա: Ավելին` ԿՀԸ որոշումները ենթակա են կատարման պետական բոլոր մարմինների կողմից:
Տիգրան Մուկուչյանից «ՀԺ»-ն հետաքրքրվել է, թե ինչ հարց է ինքը Սերժ Սարգսյանի հետ քննարկել, եթե օրենքը ոչ նրան, ոչ էլ իրեն` նման ֆորմատով, փակ դռների հետևում ԿԸՀ գործունեության հետ կապված որևէ հարց քննարկելու լիազորություն չի տալիս:
«Ես նախ չասացի, որ նախագահի հետ եմ հանդիպել: Ես հարցի պատասխանն առավել քան լիարժեք տվեցի և չեմ պատրաստվում որևէ կերպ լրացուցիչ պատասխան ավելացնել», – ասել է ԿԸՀ նախագահը` հրաժարվելով խնդրի առնչությամբ այլ հարցերի պատասխանելուց: