Բացի հայաստանյան և ռուսաստանյան կողմերի միջև տեղի ունեցած այն քննարկումները, որոնց մասին պաշտոնապես հայտարարվել է, երեկ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ՀՀ բարձրաստիճան պաշտոնյանների միջև կայացած զրույցներում հնչել է կարևոր մեսիջ, որ վերաբերվում է Եվրասիական միությանը:
Մեկնաբանելով Լավրովի Հայաստան կատարած այցը` այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է քաղաքական և ընտրական տեխնոլոգ Արմեն Բադալյանը:
Հիշեցնենք, որ Լավրովը, խոսելով Ռուսաստանի կողմից նախաձեռնած Եվրասիական տնտեսական միության մասին, նշել է, որ այդ կառույցի դռները բաց են Հայաստանի համար:
«Եվրասիական միության և Եվրամիության միջև ընտրություն անելու հարցը շուտով կանգնելու է ՀՀ իշխանությունների առջև` անկախ այն բանից, թե ով կլինի իշխանության գլուխը», – ասել է Բադալյանը:
Փորձագետը կարծիք է հայտնել, որ այդ այլընտրանքի հարցը ավելի սուր կդրվի մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական կամ 2013 թվականի նախագահական ընտրություններից հետո:
Բադալյանն այցի ուշագրավ դրվագ է համարում այն, որ մինչ Լավրովը հանդիպում էր անցկացնում ուսանողների և դասախոսների հետ, նման հանդիպում ուսանողների հետ անցկացնում էր Հայաստանում ԱՄՆ դեսպանը:
«Սկզբնական շրջանում հնարավոր է, իհարկե, և’ Եվրամիության հետ ակտիվ համագործակցել, և’ Եվրասիական միության, սակայն, սա գեոպոլիտիկ լուրջ հարց է: Մենք պետք է հստակ կողմնորոշվենք»,- ասել է Բադալյանը: