Հայաստանի և Ռուսաստանի միջև քաղաքական երկխոսությունը բոլոր ոլորտներում, նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում դինամիկ զարգացող համագործակցությունը վկայում է բարեկամ երկու ժողովուրդների և պետությունների միջև առկա ռազմավարական գործընկերության և ամուր դաշնակցային փոխհարաբերությունների մասին: Այս մասին այսօր Երևանում հանդիպման ժամանակ փաստել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Ինչպես հայտնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը, զրուցակիցները հանդիպման սկզբում շնորհավորել են միմյանց Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև 20 տարի առաջ հենց այս օրը դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի կապակցությամբ:
Սերգեյ Լավրովը տարին հոբելյանական է համարել նաև օգոստոսին լրացող Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրված պայմանագրի 15-ամյակի առիթով և նշել, որ հոբելյանական տարում այդ կապակցությամբ կազմակերպվող միջոցառումները համատեղվում են համագործակցության առավել զարգացմանն ուղղված որոշակի ծրագրերի իրագործմամբ: