Չնայած երկար տարիներ Հայաստանի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ իրականացվող բարեփոխման ծրագրերին, վերջին շրջանում քաղաքացիական հասարակության նկատմամբ իրականացվող անօրինականություններն ու բռնությունները անհրաժեշտություն են առաջացրել, որպեսզի ԵԱՀԿ գրասենյակի կողմից լավ կառավարման ոլորտում իրականացված աշխատանքների և ներդրված ֆինանսական միջոցների արդյունավետությունը վերագնահատվի: Այս մասին ասված է բնապահպանական խնդրիների համար պայքարող քաղաքացիական նախաձեռնությունների նամակում, որն ուղղված է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի դեսպան Անդրեյ Սորոկինին:
«ԵԱՀԿ-ի գործունեության հիմնական ուղղություններից մեկի` շրջակա միջավայրին վերաբերող հիմնախնդիրների շարքում հատկապես մտահոգիչ է Թեղուտի հանքավայրի շահագործման շուրջ ստեղծված իրավիճակը: Ինչպես ձևակերպել է Օրհուսի կոնվենցիայի Համապատասխանության կոմիտեն` Հայաստանը ձախողել է կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարումը: Թեղուտի հիմնախնդրի շուրջ ժողովրդավարական կառավարման մեխանիզմների, Հայաստանի միջազգային պարտավորությունների կատարման կատարյալ ձախողումը շարունակվում է մինչ օրս», – նշված է նամակում:
Նամակի հեղինակներն ակնակալում են, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի դեսպանն ավելի հետևողական կլինի Հայաստանում ԵԱՀԿ-ի իրականացրած ծրագրերի արդյունավետությունն ապահովելու համար` նպատակ ունենալով կենսագործել ԵԱՀԿ մանդատից բխող առաքելությունը` ժողովրդավարական կառավարման, Հայաստանի միջազգային պարտավորությունների պատշաճ կատարման, արդարադատության մատչելիության և շրջակա միջավայրի պահպանության գործում:
Թեղուտի խնդրին վերաբերող նմանատիպ նամակ էլ բնապահպաններն ուղարկել են Հայաստանում ՄԱԿ- ի մշտական համակարգող Դաֆինա Գեռչևային:
Այդ նամակում նրանք նաև անդրադառնում են Մաշտոցի պուրակի խնդրին, մասնավորապես, ՄԱԿ-ի ներկայացուցչի ուշադրությունը հրավիրելով Մաշտոցի պուրակում մարդու իրավունքների աղաղակող խախտումների վրա:
«Ոստիկանության աշխատակիցները բազմիցս, հատկապես` պուրակում տեղադրված վրանի «ապամոնտաժման» ընթացքում, դուրս են եկել օրենքով թույլատրելի սահմաններից` ոտնահարելով միջոցառման մասնակիցների հիմնական իրավունքները: Այդ մասին հանգամանալից ներկայացված է Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարության մեջ, իսկ որոշ դեպքերի առնչությամբ դատախազությանը հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին», – նշում են բնապահպանները:
Նամակները ստորագրել են «Թեղուտի պաշտպանության», «Մենք ենք այս քաղաքի տերը» և «Մեր քաղաքը» քաղաքացիական նախաձեռնություննները: