7-րդ ընտրատարածքում առաջադրված ՀԱԿ ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ իր մրցակից Սամվել Ալեքսանյանը, ում աջակցում է ՀՀԿ-ն, ցանկություն ունի թեկուզ մի քանի ժամով իր ղեկավարության ներքո գտնվել, սակայն կարծում է, որ նա պետք է յոլա գնա Սերժիկ-Սաշիկի, Սամվել Նիկոյանի կլասի մարդկանց ընկերակցությամբ: Նիկոլ Փաշինյանն իր կայքում այսպես է մեկնաբանել «Երկիր» օրաթերթի հետ հարցազրույցում Սամվել Ալեքսանյանի խոսքերը, ով նշել է, որ ինքը հաղթելու է 7-րդ ընտրատարածքում, «Փարվանայում» քեֆ է անելու, իսկ Նիկոլ Փաշինյանին թամադա է դնելու, քանի որ վերջինս լավ է խոսում:
«Ես Սամվել Ալեքսանյանին սպասում եմ հեռուստաբանավեճի սեղանի շուրջ, և այդ բանավեճի արդյունքում թող մարդիկ որոշեն, թե ով, ում, որտեղ դրեց», – նշել է Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով Սամվել Ալեքսանյանի այն պնդմանը, թե ինքը լավ հարաբերություններ ունի Փաշինյանի հետ, վերջինս ասել է, որ ենթադրում է` Ալեքսանյանի հարաբերությունները Սերժի հետ վատացել են ու նրան նոր «կռիշ» է հարկավոր:
«Ալեքսանյանին խորհուրդ եմ տալիս կարգավորել իր հարաբերությունները Հայաստանի օրենքների հետ, որովհետև ինքը գիտի, որ ինձ հետ չի կարող «հարաբերություններ կարգավորել»», – ասել է Փաշինյանը: