ԱԺ անկուսակցական պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Զոհրաբ Զոհրաբյանը, ով նախորդ ընտրություններում մեծամասնական ընտրակարգով ընտրվել էր Արաբկիրի համայնքից, այս անգամ որոշել է չառաջադրվել, քանի որ, ավելի մեծ ծրագիր ու Հայաստանի ժողովրդի առաջ կատարելու ավելի մեծ միսիա ունի: Այս մասին Զոհրաբյանն ասել է «Հրապարակ» օրաթերթի հետ զրույցում:
Զոհրաբյանը հայտնել է, որ մոտ 400 աշխատատեղ է բացելու`գործարանից սկսած մինչև լրատվական ծառայություններ:
«Բացելու եմ թերթ, ամսագիր, կայք, որտեղ աշխատելու են արհեստավարժ մարդիկ` ոչ սուտ խոսան ու ոչ էլ պատվեր կատարող լրագրողներ», – ասել է նա:
Լրագրողի այն դիտարկմանը, թե նախընտրական շրջանում շատերն ընդգրկվել են Հանրապետական կուսակցության շարքերը, և ինչով է պայմանավորված այն, որ Զոհրաբյանը չի հետևել այդ օրինակին, վերջինս պատասխանել է.
«Ուղղակի գիտե՞ք ինչի, ես օճառը միշտ օգտագործել եմ լվացվելու համար: Ամբողջ կյանքում օճառն օգտագործել եմ միայն լվացվելուց»:
Թերթի հարցին ի պատասխան` օճառը այլ նպատակներով օգտագործողների անունները Զոհրաբյանը չի ցանկացել թվարկել` նշելով. «Օճառավորների մասին դուք չգիտե՞ք, փոքր քաղաք ա…»:
Զուրաբյանը վստահեցրել է, որ եթե անգամ ինքն ընդգրկվի որևէ կուսակցության կազմում, դա կլինի իր ընտրությամբ, և ոչ թե «որևէ մեկի դաբրոյով»: