Երեկ առավոտյան Երևանի բենզալցակայաններում բենզինը թանկացել է` մեկ լիտր «ռեգուլյարը» վաճառվում էր 500 դրամով, «պրեմիումը»` 520 դրամով, «սուպերը»` 550 դրամով:
«Հայկական ժամանակ» օրաթերթը նշում է, որ բենզինը թանկացել է միանգամից բոլոր լցակայաններում:
Թերթի թղթակցի հետ զրույցում բենզին ներկրող խոշորագույն ընկերություններից մեկի` «Ֆլեշի» նախագահ Բարսեղ Բեգլարյանն ասել է, որ բենզինի գնի բարձրացումը պայմանավորված է միջազգային շուկայում նավթի գնի աճով:
«Միայն և միայն դա է պատճառը»,- հայտարարել է Բեգլարյանը:
Այն հարցին, թե ինչու բոլոր լցակայաններում նույն պահին է թանկացել բենզինը, «Ֆլեշ» ընկերության նախագահը պատասխանել է. «Ինձ համար էլ է դա հանելուկ»:
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովից «ՀԺ»-ի թղթակցին հայտնել են, որ բենզինի շուկան փետրվար ամսից գտնվում է հանձնաժողովի ուսումնասիրության ներքո, և առաջիկայում կհրապարակվեն այդ ուսումնասիրությունների արդյունքները: