Ըստ ՀՀԿ-ականների, Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը խորհրդարանական ընտրություններից հետո կարող է զբաղեցնել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը, գրում է «Հրապարակ» օրաթերթը` չնշելով, թե ՀՀԿ-ի կոնկրետ որ շրջանակներում են նման լուրեր քննարկվում:
Թերթը նշում է, որ, համաձայն խոսակցությունների, ներկայումս այդ պաշտոնը զբաղեցնող Արթուր Բաղդասարյանին խորհրդարանական ընտրություններից հետո պաշտոնի բարձրացում է սպասում:
«Արդեն տևական ժամանակ խոսվում է այն մասին, որ Բաղդասարյանը ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնի հիմնական հավակնորդն է, իսկ Աղվան Հովսեփյանին Սերժ Սարգսյանը մտադիր է ընտրություններից հետո հանել: Մեր աղբյուրներն ասում են նաև, որ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը Աբրահամյանի համար կլինի միջանկյալ` մինչև նախագահական ընտրություններ (կայանալու են 2013 թվականին – խմբ.), որից հետո էլ կարող է ակնկալել ավելի հիմնավոր և երկարատև նշանակում պետական կառավարման համակարգում», – գրում է «Հրապարակը»: