Home / Տեսանյութեր / Հ1-ի մոտ պիկետ անցկացրած երիտասարդին կանչում են զինկոմիսարիատ

Հ1-ի մոտ պիկետ անցկացրած երիտասարդին կանչում են զինկոմիսարիատ

Այսօր 32-ամյա բժիշկ Երվանդ Կարապետյանի տուն են այցելել Սպիտակի զինկոմիսարիատի աշխատակիցները և ծանուցագիր են բերել առ այն, որ Երվանդ Կարապետյանը պետք է ներկայանա զինկոմիսարիատ ռազմաբժշկական փորձաքննություն անցնելու համար:

Հիշեցնենք, որ մարտի 30-ին Հանրային հեռուստաընկերության տարածքում պիկետ անցկացնող Երվանդ Կարապետյանին ոստիկանության Նորք-Մարաշ  բաժանմունք բերման են ենթարկել, ապա տեղափոխել հոգեբուժարան, որտեղ բժիշկները հաստատել են, որ Երվանդի մոտ հոգեկան շեղումներ չկան: Կարապետյանը պահանջում էր «ապահովել բազմակողմանի լուսաբանում» և «վերադարձնել եթերը Միշիկից» (նկատի ունի Սերժ Սարգսյանի փեսային` Միքայել Մինասյանին):

Երվանդ Կարապետյանի հայրը հրաժարվել է ստանալ ծանուցագիրը` բացատրելով, որ չի կարող այն ստորագրել որդու փոխարեն: Սպիտակի զինկոմիսարիատի աշխատակիցները հայտնել են, որ այդ դեպքում նրանք իրենց միջոցներով կգտնեն Երվանդին:

Ինչպես Epress.am-ին տեղեկացրել են «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպությունից, Կարապետյանը դիմել է իրենց` հայտնելով կատարվածի մասին:

Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանի առաջարկով Կարապետյանի ծնողները զանգահարել են Սպիտակի զինկոմիսարիատ և տեղեկացրել են, որ իրենց որդին գտնվում է Հելսինկյան ասոցիացիայում:

Դրանից քիչ անց Հելսինկյան ասոցիացիա է զանգահարել Սպիտակի զինկոմիսարիատից Դիլբարյան ներկայացած մի մարդ, որը, ըստ Դանիելյանի, չի կարողացել ստույգ բացատրել, թե ինչ հիմքերով են Երվանդ  Կարապետյանին հրավիրում զինկոմիսարիատ, ապա զանգահարել է զինկոմ Ղուկասյանը, որի հետ զրույցում Դանիելյանը հայտնել է, որ Երվանդ Կարապետյանն արդեն անցել է ռազմաբժշկական հանձնաժողովի փորձաքննությունը, որ նա 3-րդ կարգի հաշմանդամ է:

Հելսինկյան ասոցիացիայի նախագահն ասել է, որ վերջինս թեև ունի բժշկական կրթություն, բայց մասնագիտությամբ պաթոլոգանատոմ է և ենթակա չէ ծառայության, քանի որ բուժող բժիշկ չէ:

Հելսինկյան ասոցիացիա հակված է կարծելու, որ Երվանդ Կարապետյանին զինկոմիսարիատ ներկայանալու ծանուցում ուղարկելը կապված է նրա քաղաքացիական ակտիվության հետ և փաստորեն հանդիսանում է նրա նկատմամբ քաղաքական հետապնդման շարունակությունը:

Իրավապաշտպան կազմակերպությունը պատրաստվում է Սպիտակի զինկոմիսարիատ ներկայացնել այն բոլոր փաստաթղթերը, որոնք հիմնավորում են, որ Երվանդ Կարապետյանը ենթակա չէ ծառայության, ինչպես նաև պատրաստվում է պահանջել ՀՀ ոստիկանության Նորք Մարաշ բաժնից տրամադրել իրավական հիմքերը, որի համաձայն Երվանդ Կարապետյանին մարտի 30-ին.տեղափոխել նախ ոստիկանության Նորք Մարաշ բաժին, ապա Նորքի հոգեբուժարան, ինչպես նաև նշված միջադեպի հետ կապված այլ հարցեր, մասնավորապես, ոստիկանությունում ճշտել են արդյոք ահազանգողի ինքնությունը, թե ոչ:

Լուսանկարը` Երվանդ Կարապետյանի Facebook-ի էջից