Home / Տեսանյութեր / Կինն իր ապագա ամուսնուն մեկ անգամ էր տեսել. ամուսնությունից հետո սկսվել է ծեծը

Կինն իր ապագա ամուսնուն մեկ անգամ էր տեսել. ամուսնությունից հետո սկսվել է ծեծը

Երևանից Վանաձոր հարս գնացած Արևիկի մայրը, «խաբնվելով» խնամիների թվացյալ ունեցվածքին, դստերը ստիպողաբար ամուսնացրել է ու դժբախտացրել: Այս մասին News.am-ի հետ զրույցում պատմել է ինքը` Արևիկ Կարապետյանը (անունը փոխված է): Աղջիկը մինչև ամուսնու տուն գնալը միայն  մատանի դնելուց է տեսել նրան, նույնիսկ չի խոսել, իսկ արդեն մեկ շաբաթ հետո, ամուսնու տանը նրա նկատմամբ բռնություններ են սկսվել:

Այս պատմությունն սկսել է 1991թ-ին, երբ Արևիկը Կարենի հետ ամուսնացել է միջնորդների միջոցով: «Մորաքրոջս ամուսինը տեսնելով սկեսուրիս, սկեսրայրիս ու ապագա ամուսնուս, չէր հավանել, մամայիս ասել էր, որ ինձ չտա նրանց, քանի որ լավ մարդիկ չեն: Դե ես այնտեղ չեմ եղել: Իրանք սեղանի շուրջը նստած խոսել են ու չգիտեմ ինչի մասին, ինձ ընդամենն ասացին, որ ամուսնանում եմ: Իսկ մայրս մորաքրոջս ամուսնուն չլսեց, քանի որ խնամիներն ասել էին, թե լավ ունևոր են` խանութ ունեն, բայց դա սուտ էր: Մամաս համաձայնությունը տվեց, մատանին դրեցին, գնացին, ու այդ մի ակնթարթն եմ ապագա ամուսնուս տեսել, անգամ չեմ խոսել: Նույնիսկ օր չթողեցին, որ մենք դուրս գայինք, իրար ճանաչեինք: 3 օր հետո եկան, տարան»,- պատմել է Արևիկը: Նրա ներկայացմամբ` ամուսնությունից հետո մեկ շաբաթը նորմալ է անցել, բայց հետո արժանացել է թե սկեսուրի, սկեսրայրի, թե տալի, թե ամուսնու արհամարհական վերաբերմունքին: Ամուսինն սկսել է խմել և ծեծել իրեն, տուն չգալ:

20 օր հետո Արևիկի ծնողները գալիս են «գլուխլվայի» և նա մորը լացուկումած խնդրում է, որ իրեն տուն տանի. «Ասացի  ինձ տուն տար, ես չեմ ուզում մնամ, նեղացնում են, չեմ կարողանում ոչ ոքի հետ հարմարվել: Մայրս ասաց, որ խայտառակ չենք լինելու, հարմարվի: Նամուս-թասիբի հարց կա. հո չե՞ն ասելու տարել հետ են բերել»:

Արևիկի խոսքով` դրանից հետո փորձել է հարմարվել` ապրելով արցունքն աչքերին, կապտուկներ` մարմնի վրա: Ունեցել է 4 երեխա:

«Վերջին շրջանում էլ ամուսնուս մոտ խանդի տեսարաններ են սկսել: Մեր դստեր նշանդրեքի օրը երբ փեսայի կողմից մի տարիքով պապիկ ինձ ուտելիք հյուրասիրեց, ինքը տանը կռիվ սարքեց, ծեծեց, թե արդեն քեզ «ուխաժիվատ» են անում»,- News.am-ին պատմել է Արևիկը:

Արևի համբերության բաժակը լցվել է, երբ ամուսինը փեսայի մոտ իրեն բազկաթոռի կոթով ծեծել է ու սեռական ամենավերջին հայհոյանքները տվել: Ավելին` ամուսինը սպառնացել է, որ տուն վերադառնալուն պես կսպանի: Երեխաները մորն ասել են, որ իր հետ կհեռանան տնից և հեռացել են:

Արևիկը դիմել է Կանանց իրավունքների կենտրոն` ստանալով, թե սոցիալական, թե հոգեբանական օգնություն: Նրա խոսքով, թեև շատ ժամանակ չի անցել, բայց թե ինքը, թե երեխաները փոխվել են, ավելի հանգիստ են զգում իրենց: Իսկ ամուսինը  նույնիսկ իրենց փնտրելու փորձեր չի արել:

Կանանց իրավունքների կենտրոնի հոգեբան Աննա Վարդանյանը նշել է, որ կինն անընդհատ կրկնում է, որ ամուսինը ահավոր հայհոյանքներ է տալիս, ինչը նշանակում է, որ թեև կապտուկները մարմնից անցնում են, բայց հոգեբանական հարվածը չի անցնում: Ինչպես նաև հատկանշական է այն, որ հանուն երեխաների շատ կանայք չեն ամուսնալուծվում, բայց երբ երեխաները մեծանում են, հենց նրանց դրդմամբ են կանայք դիմում ամուսնալուծության: