Ֆիզմաթ գիտությունների դոկտոր Մանե Հակոբյանը ողջունում է Հայաստանում ռադիոտեղորոշիչ կայանի կառուցման գաղափարը` նկատելով, որ նման կայանը մեզ մեծ ռազմավարական առավելություններ կտա և «կոզր» կլինի Ռուսաստանի հետ հարաբերություններում:
«Արդեն տարիներ շարունակ Ադրբեջանը, օգտագործելով Գաբալայի կայանի գործոնը, Ռուսաստանին կախման մեջ է պահել: Եթե մենք ունենանք կայան, մենք ստրատեգիական առավելություն ձեռք կբերենք», – կարծիք է հայտնել Մանե Հակոբյանը:
Հիշեցնենք, որ ռուսական «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ ՏիգրանՍարգսյանը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է իր տարածքը տրամադրել ռադիոտեղորոշիչկայանի (ՌՏԿ) կառուցման համար, եթե Ռուսաստանն ու Ադրբեջանը փոխհամաձայնության չգան ադրբեջանական Գաբալայի կայանի վարձակալության հարցի շուրջ:
Մեր այն հարցին, թե արդյոք ռադոիակտիվության մեծացումը բացասական անդրադարձ չի ունենա երկրի բնապահպանության վրա, Մանե Հակոբյանն ասել է.
«Ռադիոակտիվ ալիքների մեջ ենք անկախ կայանի լինել-չլինելուց: Գլոբալ առումով ապրելն էլ վնաս է կյանքի համար: Վնասը հստակ չի կարելի գնահատել մինչև ուսումնասիրություն չանցկացվի»:
Կայանի հնարավոր էկոլոգիական վնասը գնահատել հրաժարվեց նաև բնապահպան Ինգա Զառաֆյանը: Այնուամենայնիվ, Epress.am-ի հետ զրույցում նա նկատել է, որ վարչապետը, նման հայտարարություն անելով, մեղմ ասած, շտապել է.
«Գիտեք, շատ ոչ պրոֆեսիոնալ է ասել, որ կարելի է կայան կառուցել, որովհետև մեր լեռները ավելի բարձր են: Կայանի կառուցումը թույլ տալու համար շատ լայնածավալ, բազմակողմանի ուսումնասիրություն է պետք անցկացնել, որը ոչ թե ամիսների, այլ շատ ավելի երկար ժամանակի հարց է», – ասել է Ինգա Զառաֆյանը: