Home / Հայաստան / Լրատվական «քիլերները» կեղծարարությամբ են առաջնորդվում, վստահ է Բիշարյանը

Լրատվական «քիլերները» կեղծարարությամբ են առաջնորդվում, վստահ է Բիշարյանը

ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը «Առավոտ» օրաթերթի հետ զրույցում անդրադարձել է երեք օր առաջ արված իր հայտարարությանը (ՕԵԿ-ի կանանց միության 7-րդ համագումարին ելույթ ունենալիս Հեղինե Բիշարյանն ասել էր. «Ի դեմս Արթուր Բաղդասարյանի ՕԵԿ-ում կանայք շատ են, որովհետև գնահատում են իրենց կուսակցության ղեկավարին»):

«Գիտեք, բազմաթիվ առիթներով ես ասել եմ, որ չարախոսությունը, այլոց սևացնելու հաշվին միավորներ վաստակելը, կեղծարարությունն ու բանսարկությունը դարձել են մեր քաղաքական կյանքի անբաժանելի մասը: Հենց դրանով են առաջնորդվում որոշ քաղաքական ուժեր, իրենց գործիչներ հռչակած ստորաքարշ արարածներ և լրատվական «քիլլերներ»: Եվ հենց այդ համատեքստում է պետք գնահատել ՕԵԿ կանանց համագումարում իմ ելույթի չարամիտ մեկնաբանությունները, որոնք կառուցված են միտքն աղճատելու, կոնտեքստից կտրված նախադասություններ առանձնացնելու, դրանց ստոր և հեղինակներին վայել մեկնաբանություններ տալու տրամաբանության վրա: Իսկ շարքն ամբողջականացնում են էժանագին գրչակներն իրենց մտացածինը համացանցում տեղադրելով` փոխարենն իրենց և առատաձեռն պատվիրատուների անմարդանման պատկերները ներկայացնելով: Վերլուծեք վերջին ամիսների մամուլը և ՕԵԿ-ի դեմ քիլլերական հարձակումների ծավալից Ձեզ պարզ կդառնա, թե ինչ ապարդյուն նպատակ են հետապնդում մեր չարակամներն ու պատվեր կատարողները», – ասել է ՕԵԿ փոխնախագահը: