«Ազատ հասարակություն ինստիտուտ» ՀԿ-ն մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին նախատեսում է դիտորդական առաքելություն իրականացնել թե նախընտրական, թե հետընտրական շրջանում:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է ՀԿ-ի նախագահ Էդգար Հակոբյանը:
«Ունենալու ենք նվազագույնը 2500 դիտորդ, որոնցից մոտավորապես 2000-ը մշտապես ներկա է գտնվելու ընտրատեղամասերում, մնացածը, ինչպես նախկինում, շրջիկ խմբերով լինելու են թե Երևանում, թե մարզերում: Նրանք արձանագրելու են փաստերը, բերելու են կենտրոնացնեն, որպեսզի կարողանանք հնարավորինս օպերատիվ աշխատել», – ասել է Հակոբյանը:
Նա շեշտել է, որ իրենց կազմակերպությունը դիտարկումներ է անցկացնելու նաև նախընտրական շրջանում և արձանագրելու է թե դրականը, թե բացասականը:
«Այս ամբողջը ներկայացվելու է մայիսի 7-ից հետո հրապարակվելիք հաշվետվության մեջ: Մենք իրականացնելու ենք խստագույն դիտորդություն` հաշվի առնելով իշխանությունների հայտարարությունները, թե այս ընտրությունները լինելու են ամենաազատը, ամենաարդարը և ամենաթափանցիկը», – նշել է նա:
Հակոբյանն ընդգծել է, որ 2012 թվականի ընտրությունները նախորդից որակապես տարբերվելու են թե մրցակցային ֆոնի ներքո, թե ընդդիմադիր ուժերի առկայությամբ, որոնք ավելի շատ են ու մարտունակ են տրամադրված:
«Հասարակության այս տարիներին ապրած զարգացումն ու համացանցը մեծ հնարավորություն են ստեղծել մեզ համար ավելի համակողմանի դարձնել՝ ի տարբերություն նախորդ համապետական ընտրությունների», – ասել է նա:
ՀԿ-ի նախագահն ընդգծել է, որ իրենք այժմ կենտրոնացած են ցուցակների մաքրման գործընթացի վրա:
Հարցին, թե «Ազատ հասարակություն ինստիտուտ» ՀԿ-ն ինչ թերություններ է հայտնաբերել ցուցակներում, Հակոբյանն ընդգծել է:
«Այն շենքը, որտեղ ես ծնվել-մեծացել եմ, կա մի ընտանիք, որ արդեն մի քանի տարի է, ինչ հանրապետությունից բացակայում է, բայց, ըստ օրենքի, չենք կարող նրանց հանել հաշվառումից և նույն օրենքով հանրապետությունից 6 ամսից ավել բացակայող մարդիկ պետք է գոնե ընտրացուցակներում չլինեն: Մենք դա ֆիքսել ենք, մի քանի տեղ ևս ֆիքսել ենք, պարզապես ուզում ենք ոչ թե հատ առ հատ ներկայացնել լիազոր մարմնին, այլ գոնե մի քանի հասցեներ ունենալ մեկ դիմումում», – նշել է նա:
Epress.am-ի հարցին՝ արդյոք իրենց դիտորդական խումբը տեղյակ է ցուցակներում առկա 00 օրով ու 00 ամսաթվով ծնվածների մասին, ինչը բարձրարաձայնել է պատգամավորի թեկնածու Գայանե Առուստամյանը, Հակոբյանն ընդգծել է, որ իրենք նման փաստեր չունեն և ունենալու պարագայում անպայման կզբաղվեն դրանով:
«Թող դիմեն մեզ, մենք կտեղեկացնենք ոստիկանությանը», – եզրափակել է նա: