Այս տարի Զատիկի տոնից առաջ ձուն և ձուկը չեն թանկացել, սակայն բարձրաձել է կանաչեղենի գինը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել են Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանն ու «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հ/կ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանը:
Նրանք չեն նշել, թե որքան է թանակցել կանաչեղենը, բայց Epress.am-ի թղթակիցը երեկ երեկոյան տեսել է, որ շուկայում սիբեխը վաճառվում է 2500-ից 3000 դրամով, իսկ «Հայկական ժամանակ» օրաթերթը նշում է, որ մանդակի գինը հասել է 7000 դրամի:
Արմեն Պողոսյանը կաևորել է այն փաստը, որ այս անգամ տոներից առաջ հավկիթի գների առումով մեծ անակնկալներ սպառողին չեն մատուցել:
Խոսելով սպառողների իրավունքների խախտումների մասին` բանախոսներն այսօր լրագրողներին ներկայացրել են արտասահմանյան արտադրության արմավի (խուրմա) տուփ, որի վրա հայերեն մակնշում չի եղել:
Կարեն Չիլինգարյանն այն գնել է այսօր առավոտյան սուպերմարկետներից մեկից, որի անունը չի հիշատակել:
Նա սուպերմարկետի տնօրենին տեղեկացրել է այդ մասին, վերջինս անմիջապես կարգադրել է հավաքել արմավի տուփերը: Սակայն Չիլինգարյանը փաստել է, որ դրանից հետո նա տեսել է, որ մյուս բոլոր խանութներում դրանք ևս վաճառվում են առանց ահյերեն մակնշման:
Բանախոսներն ընդգծել են, որ այսօր դրսից ներկրված ապրանքների վրա հայերեն մակնշման բացակայությունը և հայկական արտադրանքի արտադրման և պիտանելիության, ինչպես նաև բաղադրության նշումները լուրջ խնդիր են դարձել:
Պողոսյանը տեղեկացրել է, որ անցյալ տարի Երևանի քաղաքապետարանի հետ միասին իրենց կազմակերպությունը ժամկետանց ապրանքներ հայտնաբերելու ստուգայց է անցկացրել 48 խանութներում, որոնցից 18-ը տուգանվել են ժամկետանց ապրանք վաճառելու համար:
«Խնդրում եմ ուշադրություն դարձնեք. գնում եք հայկական կաթ` տուփի վրա երկու ամսաթիվ է գրված, բայց չի կարելի մարդուն մոլորության մեջ գցել: Դա կարող է լինել իր բնակարանի հեռախոսի համարը, կամ կոշիկի համարը, ինչ է դժվա՞ր է գրել` «արտադրված է», «պիտանի է»: Սա օրենքի պահանջ է: Իսկ այդ մոլորության մեջ գցելու դեպքերը չափից դուրս շատ են», – ասել է Արմեն Պողոսյանը:
Երկու բանախոսն էլ կոչ են արել սպառողներին տվյալ խնդրին ուշադրություն դարձնել, քանի որ «եթե հասարակությունը պահանջող լինի», ապա այդ խնդիրներն ավելի արագ կլուծվեն: