Թիվ 8 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու, Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ Վահագն Խաչատուրյանն իր քարոզարշավի ընթացքում անակնկալներ է խոստանում: Այս մասին նա ասել է Epress.am-ի հետ զրույցում:
«Մտածում ենք այնպիսի հանդիպումներ կազմակերպել, որ հակառակորդ թիմի մտքով էլ չի անցնի, թե ոնց կարելի է էդպիսի հանդիպումներ անել», – ասել է նա:
Խաչատուրյանը նշել է, որ Մալաթիա-Սեբաստիա համայնքում տեղակայված 8-րդ ընտրատարածքն իր առանձնահատկություններն ունի, այստեղ մշտապես սկանդալային միջադեպեր են լինում, բայց ինքը ընտրատարածքում նորեկ չէ:
«Համոզված եմ, որ շատերը գիտեն ինձ նախկին աշխատանքից: Նաև ես 1995 թվականին էլ եմ այդտեղից ընտրվել», – ասել է քաղաքական գործիչը:
Խոսելով ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտություններից, որոնց մասին բարձրաձայնում են այլ պատգամավորների թեկնածուներ, Վահագն Խաչատուրյանն ասել է, որ իր թիմը շարունակում է ցուցակների ստուգումները, և առայժմ առանձնակի կոպիտ և աչքի ընկնող խախտումներ չեն արձանագրվել: Այնուամենայնիվ, Խաչատուրյանը նշել է, որ կան որոշ դեպքեր, երբ, օրինակ, իրենք ցանկանում են ընտրատեղամաս գտնել ու դեռևս չեն կարողացել դա անել: Պատգամավորի թեկնածուն հույս է հայտնել, որ կկարողանան դա անել:
«Դեպքեր կան, որ շենքը չենք գտնում: Թաղամաս կա, որտեղ հասցեի հետևյալ նկարագրությունն է՝ այսինչ փողոցին հարակից շենք կամ տնակ, պետք է հասկանանք` դա ինչ է նշանակում», – ասել է Վահագն Խաչատուրյանը: