Ապրիլի 7-ին աշխարհը հիշում է Ռուանդայի ցեղասպանությունը. 1994 թվականին փոքր աֆրիկյան երկրի քաղաքացիական պատերազմը Ռուանդայում մեծամասնություն կազմող հուտուների և փոքրամասնության` տուտսիների միջև իր հանգուցալուծումն ունեցավ, որի ընթացքում ապրիլի 7-ից մինչև հուլիսի կեսերն ընկած ժամանակահատվածում 800 հազար մարդ սպանվեց:
Ցեղասպանությունը կազմակերպվել էր Ռուանդայի կառավարության կողմից, որը կազմված էր հուտու ազգության ներկայացուցիչներից: Ցեղասպանության համար ֆորմալ պատճառ հանդիսացավ ապրիլի 6-ի երեկոյան ազգությամբ հուտու Ռուանդայի նախագահ Ջուվենալ Հայարիմանայի սպանությունը: Մինչ օրս նրա սպանության մեղավորների մասին տարբեր վարկածներ կան, սակայն սպանությունից անմիջապես հետո պատասխանատվությունը դրվել է տուտսիներից բաղկացած Ռուանդայի Հայրենասիրական Ճակատի վրա, և հաջորդ օրվանից սկսվել են տուտսիների զանգվածային սպանությունները: 30 հազար հուտուները բաժանվել են ջոկատների, և, ըստ կառավարության հրահանգի, յուրաքանչյուր մարդ պատասխանատու է եղել տուտսիների 10 ընտանիքների սպանության համար:
Ռուանդայի այն ժամանակվա վարչապետ Ժան Կամբանդան հետագայում Միջազգայան քրեական դատարանում խոստովանել է, որ կառավարությունում ազատորեն քննարկվել է սպանությունների հարցը, և կառավարության կին անդամներից մեկն առաջարկել է «ազատվել բոլոր տուտսիներից անխտիր»:
Տուտսիների ցեղասպանության ժամանակ ոչնչացնում էին նաև խոտուների այն ներկայացուցիչներին, ովքեր դեմ էին տուտսիների սպանություններին` հայտարարելով, որ նրանք «ազգի դավաճան և հարմարվողական են»:
Lուսանկարը` crisispictures.blogspot.com