Հանրապետական կուսակցությունն իր ուժերն ու հնարավորությունները մոբիլիզացնելու և նվիրումով ու լավ աշխատելու, օրենքի տառը պահպանելու դեպքում, վստահաբար, կարող է ապագա խորհրդարանում մեծամասնություն կազմել: Այս մասին այսօր ՀՀԿ մարզային և Երևանի տարածքային նախընտրական շտաբների ղեկավար կազմի և կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկված թեկնածուների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահ, Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը:
Ինչպես հաղորդում է ՀՀ մամուլի ծառայությունը, Սերժ Սարգսյանը կարևորել է առաջիկա խորհրդարանական ընտրությունների ազատ, արդար և թափանցիկ անցկացումը՝ ընդգծելով, որ «ի տարբերություն ընտրություններին մասնակցող մյուս քաղաքական ուժերի, ՀՀԿ-ն, որպես իշխանական կուսակցություն, համամասնական ընտրակարգով և մեծամասնական կարգով առաջադրված իր թեկնածուների քարոզարշավի կազմակերպմանը զուգահեռ, պետք է կարողանա լավ ընտրություններ անցկացնել, և դա նաև իր՝ երկրի նախագահի, նպատակն է»:
«Մեր՝ իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչներիս համար վիճակը երկակի է. մենք ցանկանում ենք շատ քվե ստանալ, բայց պատասխանատու ենք նաև նրանց համար, ովքեր ևս ցանկություն ունեն շատ քվե տանելու: Մենք պատասխանատու ենք և՛ մեր գործունեության համար, և՛ մեր դաշնակիցների, կոալիցիոն գործընկերների, նաև ընդդիմության գործունեության համար, որովհետև որևէ մեկը տարբերություն չի դնելու, թե այդ խախտումներն ովքեր կատարեցին, ովքեր ստվեր գցեցին ընտրությունների վրա: Այդ ամենը վերագրվելու է Հայաստանին, և ես խնդրում եմ, որպեսզի սա անպայման հաշվի առնեք», – ասել է Սերժ Սարգսյանը: