Home / Տեսանյութեր / «Մենք էլ բարի պտուղ չէինք, բայց…». Ապարանում կոչ են արել քվեարկել ՀԱԿ-ի թեկնածուին

«Մենք էլ բարի պտուղ չէինք, բայց…». Ապարանում կոչ են արել քվեարկել ՀԱԿ-ի թեկնածուին

Այսօր Հայ Ազգային Կոնգրեսն իր նախընտրական հանրահավաքների և հանդիպումների շարքը սկսել է Ապարան քաղաքից:

ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ` Կոնգրեսի անդամները ծաղկեպսակ են դրել զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշարձանին:

Հանրահավաքի ընթացքում ՀԱԿ ներկայացուցիչները կոչ են արել ապարանցիներին քվեարկել 14-րդ ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածու, անկուսակցական Ռազմիկ Պետրոսյանի օգտին, ում սատարում է Կոնգրեսը:

ԱԺ նախկին պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ Մյասնիկ Մալխասյանը նշել է, որ Ապարանի նախկին քաղաքապետ Ռազմիկ Պետրոսյանը որպես ազատամարտիկ մասնակցել է Արցախյան պատերազմին, վերջին տարիներին եղել է ընդդիմադիր շարժման ակտիվ ներկայացուցիչ:

«Հանրապետություն» կուսակցության խորհրդի նախագահ Արամ Սարգսյանի խոսքով` Պետրոսյանը ճանապարհ է անցել իր եղբոր` Վազգեն Սարգսյանի հետ, իսկ 2008 թվականին նախագահական ընտրություններից հետո ամեն օր լուսացրել է Ազատության հրապարակում:

ՀԱԿ ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը, կոչ անելով ապարանցիներին քվեարկել Ռազմիկ Պետրոսյանի օգտին, ասել է. «Ապարան ասելով` հասկանում ենք թասիբ, հասկանում ենք արժանապատվություն»:

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, ապարանցիների հետ խոսելով բնակչության խնդիրներից, հիշեցրել է, որ նախկին իշխանություններին մեղադրում են. թե Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք «մազութ ենք ծախել, լույս ենք գողացել»:

Բագրատյանը նշել է, որ «մենք էլ բարի պտուղ չենք», սակայն, ըստ նրա, եթե այդքանը գողացած լինեին, «ռիսկ չէին անի» գալ և կագնել մարդկանց առջև:

Բագրատյանը նշել է, որ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրի ոչ մի դրույթ չի իրագործվել:

«Երկու անգամ լավ ե՞ք ապրում, ինչպես խոստացել է Սարգսյանը», – ապարանցիներին հարցել է Բագրատյանը:

Հանրահավաքի մասնակիցները պատասխանել են` «Ոչ»: