Ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն պատրաստ է իր երկրում հայկական ֆիլմերի փառատոն անցկացնել: «Զերկալո» պարբերականի հետ զրույցում նա ասել է, որ համապատասխան ֆիլմեր գտնելու առաջարկով դիմել է Հայաստանում ադրբեջանական ֆիլմերի փառատոնի կազմակերպիչ, իրավապաշտպան Գեորգի Վանյանին:
«Ես հենց նոր Ֆեյսբուքում զրուցում էի փառատոնի կազմակերպիչ Գեորգի Վանյանի հետ: Գրեցի Վանյանին, որ եթե ինձ համար լավ հայկական ֆիլմեր գտնի, ես պատրաստ եմ հայկական ֆիլմերի նման փառատոն անցկացնել նաև Ադրբեջանում: Արվեստը, եթե այն անկեղծ է, միշտ ծառայում է բարու իդեալներին»,-ասել է Ալիզադեն:
Քաղաքագետը Գեորգի Վանյանին որպես իսկական խաղաղարար է բնութագրել: «Նա շատ բան է արել հայ և ադրբեջանական ազգերի հաշտեցման համար: Վանյանը խիզախ մարդ է և շարունակում է իր գործունեությունը, որպեսզի ադրբեջացիներն ու հայերը վերջապես հաշտվեն»:
Լրագրողի այն դիտարկմանը, թե ինչու է այդ դեպքում Հայաստանը շարունակում «օկուպացրած պահել Ադրբեջանի հողերը», Ալիզադեն հայտարարել է. «Գեորգի Վանյանը հրացանով չի զավթել ադրբեջանական հողերը»: Նրա խոսքով` դեռ նախորդ տարի Վանյանին տեղի ազգայնականները թույլ չտվեցին հրապարակային ցուցադրություններ կազմակերպել: «Նրանք սպառնում էին նրան և նրա ընտանիքին: Այդ իսկ պատճառով նա ստիպված էր ընտանիքին Թբիլիսի տեղափոխել: Միայն այն բանից հետո, երբ վտանգն անցել էր, նա կարողացավ ընտանիքին Հայաստանի փոխադրել»:
Ըստ Ալիզադեի` Հայաստանում էլ կան մարդիկ, որոնք ընդունում են հարևանների հետ թշնամության քաղաքականությունը. Ադրբեջանում էլ կան մարդիկ, ովքեր թշնամաբար են տրամադրված հայ ազգի նկատմամբ:
«Բայց այդ ազգի ներկայացուցիչները օկուպացրել են Ղարաբաղը»,-ասել է պարբերականի թղթակիցը:
«Բայց չէ որ նրանք ատում են ոչ թե օկուպանտներին, այլ ողջ հայ ազգին», – եզրափակել է քաղաքագետը:
Ինքը` Վանյանը, չի պատասխանել «Զերկալո»-ի հարցին` հայտարարելով, որ Զարդուշտ Ալիզադեից հետո ասելիք չունի:
Լուսանկարը` Օնիկ Գրիգորյանի