ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր Ապարանում կայացած նախընտրական հանդիպման ժամանակ հայտարարել է, որ չի եկել ժողովրդին ոգևորելու:
«Դուք դա ինձանից լավ եք անում ամեն օր ձեր աշխատանքով», – ասել է Լևոն Տեր-Պետրոսյանը:
Նա նաև հայտարարել է, որ վերջին 4 տարվա ընթացքում իշխանությունների մասին ամեն ինչ ասվել է, և ինքը ցանկանում է ուշադրություն դարձնել ավելի կարևոր խնդրի վրա: Տեր-Պետրոսյանի խոսքով` այդ խնդիրն այն է, որ Հայաստանում ապրող ժողովուրդը կործանվում է մի խումբ ավազակների ու մարդասպանների պատճառով:
«Եթե առաջ ասում էինք` Հայաստանը բաժանվել է երկու մասի` Հայաստան և Սփյուռք, ապա հիմա բաժանվել ենք երեք մասի` Հայաստան, Սփյուռք և պանդուխտ: Հայաստանում այլևս չի մնացել ամբողջական ընտանիք: Սա ազգային, քաղաքական երևույթ չէ, դա կյանքի և բարոյականության երևույթ է` Հայաստանում չի մնացել ամբողջական ընտանիք, մի մասը` Ռուսաստանում է, մի մասը` այստեղ: Հայաստանի երեխաների մեծ մասը առանց հայր են մեծանում, դա լուրջ հետևանքներ է ունենալու: Այո, մեր մայրերը հերոսներ են` կծնեն, կմեծացնեն, բայց առանց հոր դաստիարակված մարդը ուրիշ մարդ է լինում», – ասել է Լևոն Տեր-Պետրոսյանը:
ՀՀ առաջին նախագահի խոսքով` ստեղծված իրավիճակի հետևանքները հայաստանցիներն ավելի ուշ են տեսնելու:
«Այս վիճակը շտկելու բանալին ձեք ձեռքում, ձեզանից ոչ մի բան չի պահանջվում, ոչ հերոսություն, ոչ հրապարակում հավաքվել, ոչ ոստիկանության հետ բախվել: Ձեզանից միայն մի բան է պահանջվում` Ձեր փրկության համար, ձեր երեխաների փրկության համար գնալ ընտրատեղամաս և քվեարկել ձեր խղճի մտոք, ուրիշ ոչինչ», – նշել է ընդդիմադիր գործիչը:
Նա ընդգծել է, որ իշխանությունները մեծ ռեսուրսներ ունեն, օգտագործում են վարչական հնարավորությունները, ահաբեկում են մարդկանց, սակայն այդ վարչական ռեսուրսը, ինչպես նաև իշխանությանը ծառայող մամուլը փորձում է ժողովրդի մեջ հուսահատություն մտցնել, որ իբր «այս իշխանությունների դեմ խաղ չկա»:
«Բայց դա սուտ է, փուչիկ է», – հայտարարել է Լևոն Տեր-Պետրոսյանը:
Իր ելույթի վերջում Տեր-Պետրոսյանը կոչ է արել ապարանցիներին քվեարկել 14-րդ ընտրատարածքում առաջադրված Ռազմիկ Պետրոսյանի օգտին: