Միասեռականների նկատմամբ բացասական վերաբերմունքը առավելապես հանդիպում է այն անձանց շրջանում, ովքեր միևնույն սեռի հանդեպ սեռական ցանկություններ ունեն, սակայն մեծացել են պահպանողական ընտանիքներում, որտեղ նման ցանկությունները դատապարտելի են համարվում: Այս մասին փաստել են Ռոչեստերի, Էսեքսի և Կալիֆորնիայի համալսարանների մասնագետների կողմից անցկացված հոգեբանական հետազոտությունների արդյունքները, որոնք պետք է հրապարակվեն այս ամիս:
Վաղուց քննարկվող այս տեսակետը այժմ հիմնավորում են հոգեբանների փորձերը, որոնք ապացուցում են, որ շատ անհատների մոտ հոմոֆոբիան սեփական սեռի հանդեպ ճնշված սեռական ցանկությունների արտահայտման ձև է:
«Այն անձինք, ովքեր իրենց հետերոսեքսուալ են համարում, բայց որոնց հոգեբանական թեստերը ցույց են տալիս, որ նրանք ուժեղ համակրանք են զգում սեփական սեռի նկատմամբ, վախեր ունեն գեյերի և լեզբուհիների նկատմամբ, քանի որ միասեռականությունը հիշեցնում է իրենց իսկ ցանկությունների մասին», – ասում է հետազոտոթյունների առաջատար հեղինակ, Էսեքսի համալսարանի դասախոս Նեթա Վայնշթայնը:
«Շատ դեպքերում սրանք այն մարդիկ են, ովքեր պատերազմի մեջ են սեփական անձի հետ, արդյունքում այդ ներքին բախումները նրանք արտաքին աշխարհին են ուղղում»,-պարզաբանել է ուսումնասիրության համահեղինակ, Ռոչեստթեր համալսարանի հոգեբանության պրոֆեսոր Ռիչարդ Ռայոնը:
Հետազոտության մասնակցել են շուրջ 650 ուսանողներ: