Այսօր՝ 18.00-ի սահմաններում Վարչական դատարանը դատավոր Ռուզաննա Հակոբյանի նախագահությամբ մերժել է «Թռչնասերների կենտրոն» և «Էկոդար» ՀԿ-ների հայցն առ այն, որ Բնապահպանության նախարարության փորձագետները պետք է Երևանյան «Նեմո» դելֆինարիումի շրջակա միջավայրի փորձաքննություն անցկացնեն: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է «Թռչնասերների կենտրոն» ՀԿ նախագահ Սիլվա Ադամյանը` հավելելով, որ դատարանը պատճառաբանել է, թե իրենք ոչ պատշաճ հայցվոր ենք, այսինքն` դա կապված չէ ՀԿ-ի աձնական շահերի հետ ու հետևաբար Հ/Կ-ն չի կարող քննարկել այդ հայցը, չնայած այն ճիշտ էր ներկայացված:
Ադամյանը նշել է, որ մինչ օրս Բնապահպանության նախարարության փորձագետները արդեն 7-րդ անգամ հրաժարվել են ներկայանալ դատարան՝ բացատրություն տալու, թե ինչու մինչ այժմ իրենք երևանյան «Նեմո» դելֆինարիումի շրջակա միջավայրի փորձաքննություն չեն անցկացրել և ինչով են հիմնավորում Բնապահպանության նախարարության կողմից տրամադրված տվյալները, թե դելֆինարիումին տրամադրված տարածքը 1300 քմ է, այնինչ իրականում կազմում է 800 քմ:
«Այն փորձագետը, որ պետք է գար ու տվյալներ պետք է տար, հրաժարվեց գալ դատարան: Դատարանը պարտավոր էր ստիպել Բնապահպանության նախարարությանը անցկացնել այդ փորձաքննությունը: Իսկ հրաժարվելու պատճառն հետևյալն է՝ եթե փորձաքննություն անցկացվի, ապա հաստատ ցույց կտա, որ այդ կենդանիներն ու այդ կառույցը այստեղ ուղղակի գոյատևել չեն կարող», – նշել է Ադամյանն ու հավելել, որ իրենք բազմաթիվ ահազանգեր են ստանում, թե լուրեր են պտտվում, որ կենդանիները առողջական վատ վիճակում են, իսկ դելֆինարիումի տնօրինությունը որոշել է նրանց դուրս բերել Հայաստանից՝ պատճառաբանելով, թե տանում են «շրջագայության»:
«Այս ամենն ուղղակի ծիծաղելի է: Անհնարին բան է՝ Հայաստանից ոչ մի փոկ կամ դելֆին չի կարող գնալ, որովհետև «Նեմոն» ամբողջ ԱՊՀ տարածքում ունի դելֆինարիումներ և շրջագայության մեկնելու փաստն ուղղակի հասնում է աբսուրդի», – ասել է Ադամյանը:
Նրա հավաստմամբ՝ ըստ երևույթին կան շատ լուրջ խնդիրեր՝ կապված կենդանիների առողջական վիճակի հետ ու դելֆինարիումի տնօրինությունը շրջագայության անվան տակ փորձելու է դուրս բերել Հայաստանի սահմաններից:
«Դատելով այս ամենից կարող եմ ասել, որ պատճառը դելֆինարիումի ատրակցիոններին այցելուների կտրուկ նվազումն է: Դեռ երեք ամիս առաջ դելֆինարիումի աշխատակիցը մեզ հետ զրույցում ասաց, որ անկախ դատարանի վճռից, դելֆինները դուրս են բերվելու: Այս մասին այսօր առաջին անգամ եմ խոսում, այն էլ այն բանից հետո, երբ պարզվեց, որ կենդանիներին շրջագայության են տանելու», – նշել է փորձագետը:
Նա նաև հիշեցրել է, որ դելֆինարիումի բացման առաջին մի քանի ամիսներին հանդիսատեսը անհամեմատ շատ է եղել ու հետաքրքրությունը կամաց-կամաց մարել է:
«Անկախ դատարանի մերժումից, մենք դիմելու ենք ավելի բարձր ատյանների հետամուտ ենք լինելու, որ այդ կենդանիները, շենքի որակը, շրջակա միջավայրը անպայման ենթարկվեն փորձաքննության: Մենք ստիպելու ենք, որ վերջ տան այս այլանդակությանը ու փորձաքննության անցկացման արդյունքների հիման վրա դելֆինարիումը փակեն», – եզրափակել է Ադամյանը: