Հայաստանի երեք նախագահաները թույլ են տվել նույն սխալը` իրենց նույնացրել են պետության հետ: Այս մասին այսօր «Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած «100 հարց և պատասխան» շարքի քննարկմանը հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նրա խոսքով` ՀՀ-ի ազգային մեքենան պետք է աշխատի անկախ նախագահի ով լինելուց: Այս համատեքստում նա հայտարարել է, որ պատրաստվում է մասնակցել 2013 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին, եթե, իհարկե, «երիտասարդ սերունդն իր այլընտրանքային թեկնածուին չառաջադրի»:
Ինչ վերաբերում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին, ապա կուսակցության ղեկավարը նշել է, որ ամենամեծ բանը, որ իրենք պետք է փոխեն այս անգամ, մշտական ընտրադիտարկում կիրառելն է: Հովհաննիսյանը վստահ է, որ Հայաստանում մարդու իրավունքների գաղափարին ամենաշատ համապատասխանող քաղաքական ուժը «Ժառանգությունն» է, որը, ըստ նրա «ազգային-ազատական կուսակցություն» է:
Միաժամանակ նախկին արտգործնախարարը վստահություն է հայտնել, որ «Ժառանգությունը» չի խլում այս կամ այն քաղաքական ուժի քվեն, քանի որ այն իր սեփական քվեն ունի:
Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի` ազատ, արդար ընտրություններ նշանակում է օրենքի հարգում, սակայն «հայաստանցին ինքը պետք է առաջինը որոշի՝ ինչպիսին պետք է լինեն ընտրությունները»:
«Հետայսու պետք է բացառել կուսակցության ինքնության նույնացումը պետական ինքնության հետ»,-ասել է «Ժառանգության» առաջնորդը: