Home / Տեսանյութեր / Քաղցկեղով հիվանդ երեխայի համար համերգ են կազմակերպում

Քաղցկեղով հիվանդ երեխայի համար համերգ են կազմակերպում

«Օգնենք հայ մանուկներին» բարեգործական հասարակական կազմակերպությունը «Երտասարդ արվեստագետներ» հիմնադրամի աջակցությամբ և Մշակույթի նախարարության հովանու ներքո ապրիլի 13-ին ժամը 19:00-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կազմակերպում է ժողովրդական երգի և ասմունքի համերգ-երեկո, որից ստացված ողջ հասույթը կփոխանցվի Գերմանիայում քաղցկեղից բուժվող 6-ամյա Էլեն Դիլանյանի ֆոնդին: Համերգի տոմսերի արժեքն է՝ 1000, 2000 և 3000 դրամ:

Համերգին ելույթ կունենան Ալլա Լևոնյանը, Լեյլա Սարիբեկյանը, Սիլվա Յուզբաշյանը, Գուրգեն Դաբաղյանը, Արսեն Գրիգորյանը (Մրրո), Սևակ Ամրոյանը, Թամարա Ժամհարյանը, Արամոն,Էմմա Պետրոսյանը, Արսեն Ղազարյանը, Աիդա Սարգսյանը, Ազատ Գասպարյանը, Արուս Գուլանյանը, Ասատուր Ասլանյանը, Լուսինե Միրզախանյանը, Արմեն Դավթյանը, Մանիկ Գրիգորյանը և Վիգեն Հակոբյանը:

Ինչպես նշում է «Օգնենք հայ մանուկներին» կազմակերպությունը, Էլենի մոտ քաղցկեղ է ախտորոշվել 2010թ. մարտին: Անհրաժեշտ բուժում ստանալու համար երեխայի ընտանիքը ստիպված է եղել տեղափոխել նրան արտասահման: Այժմ երեխան գտնվում է Գերմանիայում, որտեղ նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ հնարավորություն ունի լիարժեք ապաքինվելու: Գերմանական կլինիկայի կողմից ստացված ծախսերի նախահաշիվը մոտ 170,000 եվրո է, որը չվճարելու դեպքում բուժումը կդադարեցվի: Էլենի հիվանդությանը և բուժման ընթացքին վերաբերվող մանրամասներին հնարավոր է ծանոթանալ mikbarc.livejournal.com, elendilanyan.posterous.com և www.elendilanyan.org կայքերում: