«Քաղաքականացնել տարվա եղանակները՝ մասնավորապես գարունը», «քաղաքականացնել ստատուսները և լայքերը», «քաղաքականացնել գրականությունը և պոեզիան»… Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) այսօր բացված «Կրիզիս 2» արվեստի այլընտրանքային փառատոնի առաջին իսկ ցուցադրությունը, որը տեղակայված է առաջին հարկում, հուշում է` այստեղ արվեստը դիտում են միմիայն քաղաքական տեսանկյունից: DVD հեղափոխություն արվեստագետների խմբի մանիֆեստը, որը կոչ է անում քաղաքականացնել գրեթե ամեն ինչ, ցուցահանդեսի համադրող Գոռ Ենգոյանի մտահղացմամբ, իր շարունակությունն է ստանում ՆՓԱԿ-ի 2-րդ և 3-րդ հարկերում, որտեղ ցուցադրված աշխատանքներում քաղաքական գործիչների, իրադարձությունների և քաղաքականության հետ առնչվող իրերի պակաս չի զգացվում` լինի դա պատռված անձնագիրը, առյուծի վրա նստած Ռոբերտ Քոչարյանի նամականիշը, նախագահական նստավայրի և կառավարության շենքի մոտ անցկացվող ակցիաների լուսանկարներն ու տեսանյութերը, բանակից առաջ բուժզննում անցնող զինվորը:
Արվեստագետ Արման Գրիգորյանը, ով DVD հեղափոխություն խմբի մանիֆեստի համահեղինակներից է, համոզված է, որ արվեստը չի կարող չքաղաքականացվել:
«Ժամանակակից արվեստը աշխատում է կոնտեքստի հետ, և իր նյութը հասարակականն է: Նույնիսկ երբ արվեստն անդրադառնում է անձնական հարցերին, դրանք դարձնում է հասարակական քննարկման երևույթ», – Epress.am-ի հետ զրույցում նշել է Գրիգորյանը:
Արվեստագետը հիշեցրել է, որ «Կրիզիս 2»-ը կապված է 2010 թվականի սկզբին ավտովթարից զոհված արվեստագետ Դավիթ Կարեյանի «Կրիզիս» ցուցահանդեսի հետ: Այն կազմակերպվել էր 1999 թվականին և ուղղակիորեն իր մեջ ներառում էր քաղաքանությունը:
«ՆՓԱԿ-ը որպես այլընտրանքային արվեստի կենտրոն մեծ դեր է խաղացել, և Դավիթն էլ աշխատել է ՆՓԱԿ-ում: «Կրիզիսը» Կարեյանի առաջին հաջողված նախագծերից էր: Այսօր «Կրիզիս 2»-ը նույնպես անցկացվում է ՆՓԱԿ-ում, իսկ համադրող Գոռ Ենգոյանը կարողացավ Դավիթի ցուցահանդեսի ավանդույթը պահել ու զարգացնել: Այսինքն՝ ներկայացված է արվեստ, որն աշխատում է իր կոնտեքստի հետ», – նշել է Գրիգորյանը՝ ընդգծելով այն փաստը, որը Դավիթ Կարեյանը 1999-ը թվականին կարողանում էր շատ լավ կողմնորոշվել և օգտագործել յուրաքանչյուր իրադարձություն, մասնավորապես, հոկտեմբերի 27-ի թեման՝ այն ներառելով ցուցահանդեսի կոնտեքստի մեջ:
«Դավիթն արվեստի մեջ կարևոր տարր ներմուծեց՝ ակտուալության տարրը, և իր սերունդը տարբերվում է հենց այդ ակտուալության տարրով: Եվ այսօրվա ցուցահանդեսին մասնակից արվեստագետների գործերում անկախ տարիքից կա հենց այդ ավանդույթը», – նշել է արվեստագետը:
Անդրադառնալով DVD հեղափոխության «քաղաքականացրե’ք» հիմնական «մեսիջին»` Գրիգորյանը նշել է, որ դա հակակոչ է «մի քաղաքականացրե’ք» ոստիկանական արտահայտությանը, որը դարձել էր խորհրդային մտավորականության, խորհրդային արվեստագետների հիմնական կարգախոսը:
Նրա խոսքով՝ ասելով «քաղաքականացրե’ք»` մանիֆեստի հեղինակները՝ ինքը, Տիգրան Խաչատրյանն ու Յուրի Մանվելյանը հակադրվում են հենց այդ խորհրդային մտածելակերպին:
Արման Գրիգորյանն ընդգծել է, որ ցուցահանդեսը ստացված է շնորհիվ համադրող Գոռ Ենգոյանի, ինչպես նաև նշել է, որ իրեն դուր է եկել Սվետլանա Անտոնյանի աշխատանքը:
«Շատ ուրախ եմ, որ ցուցադրվել է Անին Գևորգյան, որն արվեստի դաշտից չի, այլ լրագրության, բայց նրա աշխատանքները բարձրորակ արվեստի գործեր են», – նշել է Գրիգորյանը:
«Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Անի Գևորգյանն իր լուսանկարների շարքը չի հեղինակել որպես արվեստի նմուշներ: Epress.am-ի հետ զրույցում նա նշել է, որ դա պարզապես ամենօրյա աշխատանք է եղել:
«Ես դա դիտում եմ որպես մասնագիտություն, որը ինչ-որ մարդիկ դիտեցին որպես արվեստ: Գոռ Ենգոյանն ասաց, որ իմ լուսանկարներում շատ հետաքրքիր բան կա, և ես նրան հավատացի», – նշել է Գևորգյանը:
Նրա խոսքով՝ արվեստն իր համար չի կարող քաղաքականությունից անջատ դիտվել: «Արվեստը պետք է քաղաքականացնել, որովհետև այսօր քաղաքականությունից փախչելու փորձերը սպանում են: Իսկ ցանկացած բան, ինչը ստեղծվում է ապօրինությունների դեմ պայքարի հետևանքով, իրավունք ունի գոյություն ունենալ», – ասել է Գևորգյանը:
Դմիտրի Սարկիսովի համար քաղաքականությունն ու արվեստը նույնպես անբաժան են: Նրա հեղինակած աշխատանքը մեծ սև պաստառ է, որի կենտրոնում չափազանց փոքր տառերով գրված է անգլերեն «error» բառը: Հեռվից այն անտեսանելի է, և, միայն մոտենալով սև պաստառին, հնարավոր է տեսնել գրածը:
Error-ը, ըստ հեղինակի, համակարգի փոքր սխալն է, որը հնարավորություն է տալիս առաջընթաց ապրել մեզ բոլորիս:
«Մենք այսօր ապրում ենք Երևանում, մի իրավիճակում, երբ մոռացել ենք՝ ինչ է նշանակում առաջընթաց: Error-ը համակարգից դուրս գալու, տարբերվելու միջոց է», – նշել է Սարկիսովը: