Երևանի քաղաքապետարանը վարչական շրջաններում տեղադրել է անվճար գովազդի նախընտրական գրատախտակներ, որպեսզի քաղաքական ուժերն իրենց նախընտրական քարոզարշավի ժամանակ գովազդի համար հավասար պայմաններ ունենան: Յուրաքանչյուր քաղաքական ուժ, որը մասնակցում է ԱԺ ընտրություններին, իրավունք ունի իր գովազդը փակցնել A 3 չափսի պաստառի չափսով: aravot.am-ի փոխանցմամբ` այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը:
Եթե գրատախտակները 3-ից ավելի են, ապա գովազդատուները կարող են 2 պաստառ փակցնել, բայց չխախտելով պայմանը: Այն կուսակցությունները, որոնք չափերը կանցնեն` կպատժվեն «Գովազդի մասին» օրենքը խախտելու համար: Մայրաքաղաքում տեղադրվել է 825 գրատախտակ: Դրանք կհանվեն ԱԺ ընտրություններից 1 օր առաջ` մայիսի 5-ին: Հարցին, թե մինչ այժմ քանի՞ պատժվող է եղել գովազդի պայմանները խախտելու համար և ովքեր են խախտում սովորաբար, պարոն Բաղդասարյանը գերադասեց անուններ չհրապարակել. «Գնացե’ք, ինքներդ տեսեք»:
Aravot.am-ը շրջել է մայրաքաղաքում` պարզելու, թե արդյոք քաղաքական ուժերն իրենց տված անվճար գովազդի հնարավորությունը չեն չարաշահել: Այսպես. այն փողոցներում, որտեղ առկա էր 3-ից ավելի գովազդային տախտակ, դրանցից մեկը` ամբողջությամբ «բռնագրավել» էր Հայ հեղափոխական դաշնակցությունը, ոչ մի տեղ չթողնելով գործընկերներին: Բարգավաճ Հայաստանը նույնպես «չափերն անցել էր» և 2 պաստառ փակցնելու փոխարեն՝ այս քաղաքական ուժը նախընտրել էր մեկը, բայց նախատեսվածից մեծ չափսով` այդ կերպ խախտելով օրենքը:
Ինչ վերաբերում է թեկնածուների մեծադիր լուսանկարներին, որոնք փակցվում են շենք-շինությունների ճակատին, ապա նրանք` իրենց գովազդը անելու համար պետք է թույլտվություն ստանան ու վճարեն, այդ շենքերի սեփականատերերին: Բազմաբնակարան շենքի դեպքում թեկնածուն համաձայնություն պետք է ստանա համատիրության նախագահից և շենքի բնակիչների 2/3-ից: Գովազդից ստացված գումարներն էլ ծառայության տեսքով համատիրությունը կվերադարձնի բնակիչներին: Բնակիչը չի կարող, ցանկության դեպքում, այդ գումարը կանխիկ ստանալ:
Լուսանկարը` aravot.am-ի